կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 17:02
Իրավական

Նախագահը պետք է վերահսկի Հրաչ Մուրադյանի սպանության գործը

Նախագահը պետք է վերահսկի Հրաչ Մուրադյանի սպանության գործը

Այս պահին «Հրաչ Մուրադյան - արդարության պահանջ» հասարակական շարժման անդամները և ՀՅԴ-ականները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի առջև:

 

Նրանք պատրաստվում են նամակ  հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նամակում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել: Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության նկատմամբ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ բազմակողմանի քննություն չի իրականացվել:

 

Նման եզրակացության հիմք է տալիս այն, որ նախկինում էլ այստեղ հանցագործություններ են կատարվել: 2009 և 2010թթ. Պռոշյանի գյուղապետարանի վրա հարձակումներ են եղել, 2010թ. գյուղապետ Հրաչ Մուրադյանի և իր եղբորորդու դեմ մահափորձ է կատարվել, 2012թ. սեպտեմբերին խուլիգանական հարձակում է եղել: Այդ հանցագործությունների չբացահայտումը և անպատժելիությունը, ի վերջո, հանգեցրել են Հրաչ Մուրադյանի սպանությանը: Սպանությունից հետո` 2013թ. գյուղապետի ընտրությունների ժամանակ, իշխանության որոշ շրջանակներ չափազանց ակտիվություն դրսևորեցին. օգտագործվեց բանակը, վարչական և ֆինանսական լծակները, և պատճառահետևանքային կապ ստեղծվեց սպանության միջոցով դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի վերացման և ինչ-որ մարդկանց իշխանության հասնելու միջեւ:

 

Կարծիք կա, որ այսօր այդ նույն ուժերը խոչընդոտում են գործի բացահայտմանը: Մեծարգո պարոն նախագահ, պահանջում ենք սպանության բացահայտման գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ, ապահովել ամբողջական եւ բազմակողմանի քննություն: Վստահ ենք` նախորդ հանցագործությունների, հատկապես` 2010թ. մահափորձի բացահայտումը կհանգեցնի նաեւ «Մարտական խաչի» շքանշանակիր Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ սա մեր պետության պատվի խնդիրն է»: