կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 12:56
Քաղաքական

Ուզում եմ շնորհավորել մեր իշխանություններին` ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ. Էդմոն Մարուքյանի` իշխանություններին քննադատող ելույթը

Ուզում եմ շնորհավորել մեր իշխանություններին` ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ. Էդմոն Մարուքյանի` իշխանություններին քննադատող ելույթը

Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ելույթն ուզում է անվանել «Մարդու իրավունքները հետհեղափոխական Հայաստանում»:

«Ուզում եմ ելույթս անվանել «Մարդու իրավունքները հետհեղափոխական Հայաստանում», երբ բոլորն ուրախ են, որ ՀՀ-ում հեղափոխություն է եղել, բայց մարդու իրավունքների խնդիր ունենք, իսկ դրանց մասին խոսող չկա: Պատկան մարմինները, որոնք պետք է խոսեն, լուռ են, որովհետև վախեցած են ֆեսյբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից` կապված այն խնդիրների հետ, որոնք այդ մարդիկ պետք է բարձրաձայնեն: Ուզում եմ ասել` երբեք չենք լռել ու չենք լռելու: Բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ, և այս «շատ ուրախ» ընթացքը պետք է ընթանա` հաշվի առնելով ՀՀ միջազգային պարտավորությունները, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը, և ոչ մի բան չքողարկվի ինչ-որ տարբեր ձևաչափերում տեղի ունեցող պրոցեսներում»,- նշեց նա:

Մարուքյանը շեշտեց, որ որևէ բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների ոտնահարումը: «Ով ուզում է  լինի, ում ուզում է  հայտարարեն թշնամի անցյալում, ապագայում տեղի ունեցած ինչ-որ բաների համար: Հիմա եթե հետևում եք գրառումներին, դրանք ապագային էլ են վերաբերում. ասենք` ապագայում պետք է այսպիսի բան լինի, դրա համար պետք է այս մարդուն վառել, կախել, ցցի հանել: Սա է այսօր Հայաստանում հռետորաբանությունը, և այս հռետորաբանության տակ թացը չորի հետ վառվում-գնում է: Եվ այս ամեն ինչի պատճառով վաղը, մյուս օրը Հայաստանի ԵԽԽՎ, ԵԱՀԿ և մյուս պատվիրակներն են այս խնդրի առաջ կանգնելու»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ հանգիստ չի կարող նայել և ասել` ինչ լավ վիճակ է: «Չեմ կարող հանգիստ նայել, թե` այս ինչ լավ վիճակ է, այս ինչ լավ է, որ այնտեղ փաստաբանն ուզում է գնալ իր պաշտպանյալի գործով դատին մասնակցելու, բողոքի ցույց է` փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է: Ոստիկանները կանգնած նայում են, սպասում, որ թքեն փաստաբանի վրա, որ ասեն` մի քիչ քիչ թքեք: Էս ո՞ւր ենք հասել: Արդարադատության նախարարությունը ոչ մի ձայն չի հանում դեպքի վերաբերյալ: ԼՀԿ-ն հայտարարություն է տարածում, ասում, որ օրինագիծ ենք բերելու Քրեական օրենսգիրքը խստացնելու մասին, մեկ էլ տեսնում ենք` մեր հայտարարությունից երեք օր հետո արդարադատության նախարարությունը մեր նախագիծը դրել է շրջանառության մեջ: Իյա, բա ո՞ւր էիք որ...»,- ասաց նա:

Մարուքյանը մի հարցին էլ անդրադարձավ: «Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ` նախաքննության մարմինների իրականացրած որոշ գործերով փնթի վարված նախաքննության հետ կապված»,- նշեց նա և խոսեց ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության մասին:

«Տպավորություն կա, որ այդ գաղտնալսումը մարսվեց-գնաց, ուրեմն իմացեք, որ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից: Պատահական չէ, որ մենք ԱԺ նախագահին հարցրեցինք` եկեք հասկանանք` էս ի՞նչ դատավորների են զանգում, էդ դատավորներն ո՞ւմ են զանգում, ինչո՞ւ են զանգում: Գաղտնալսման մասով ոնց որ գործ կա հարուցված, բայց ձեն-ձուն ոնց որ չկա: Հարցնող չկա` բա ի՞նչ եղավ էդ գործը: Մենք հարցնելու ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանն անդրադարձավ նաև դատարաններին: «Հասել ենք նրան, որ դատավորները խուսափում են քրեական գործեր քննելուց: Հեղափոխական գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ փաստաբանները պաշտպանված են ՀՀ-ում, որ դատարաններն անկախ են, և դրանք միայն հայտարարություններ չպետք է լինեն, որ  երբ փաստաբանը գնում է դատարան, պետք է պաշտպանված լինի: Վերջին հաշվով ո՞ւր ենք տանում: Շատ ուրախացել ենք, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ գործեր կան հարուցված, կարո՞ղ է այնքան անենք, որ այս մարդիկ, գործերը դեռ չսկսված,  բոլոր առումներով հաղթեն եվրոպական դատարաններում: Մի քիչ պետք է մտածել` ով ինչ է անում»,- հայտարարեց նա:

Պատգամավորը նշեց, որ հասել ենք այն բանին, որ թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից, ընդ որում` հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր: «Ո՞ւր են Հայաստանի մեդիակազմակերպությունները: Մի տեղ կարդացի, ասում են` Հայաստանում նոր իրավիճակ է, դրա համար չենք ուզում ձայն հանել: Այսինքն` որ նոր իրավիճակ է, պետք է մարդու իրավունքի ոտնահարումների դեմ աչք փակե՞ք: Որ քաղաքական գործիչները ձայն չեն հանում, վախենում են, որ ձայն  կկորցնեն, իրենց ֆեյսբուքյան էջում կարող է մի հազար հոգի մտնի, հայհոյի, դո՞ւք ումից եք վախենում: Բա ՀԿ սեկտորն ինչո՞ւ ձայն չի հանում, ես ուղղակի ապշած եմ»,- ելույթը եզրափակեց Մարուքյանը: