կարևոր
4486 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 23:32
Տարածաշրջան

Թբիլիսիում կայացած հանրահավաքում վրացական ընդդիմությունը երկու պահանջ է ներկայացրել իշխանություններին

Թբիլիսիում կայացած հանրահավաքում վրացական ընդդիմությունը երկու պահանջ է ներկայացրել իշխանություններին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիայի մասնակիցները երկու պահանջ են ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ լարվածության աճից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վրացական երազանքը» պետք է անհապաղ հետ կանչի ռուսական օրենքը խորհրդարանից եւ ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել են»,- ասել է ընդդիմության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Նա հավելել է, որ երկրի ղեկավարությանը սրա համար մեկ ժամ է տրվում, հակառակ դեպքում ակտիվիստները «կանցնեն այլ քայլերի»։

Ռուսթավելի պողոտայում բողոքի լայնածավալ ցույց է ընթանում։ Մարդիկ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը։ Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ոստիկանությունը բերման է ենթարկել ցույցի 66 մասնակցի։ Ավելի ուշ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել տեսաուղերձով, որում աջակցություն է հայտնել ցուցարարներին եւ խոստացել է վետո դնել վիճահարույց օրենքի վրա։

Միեւնույն ժամանակ, Վրաստանի ոստիկանությունը չորեքշաբթի օրը Թբիլիսիի կենտրոնում ձերբակալել է եւս 10 ցուցարարի, որոնց թիվը հասել է 76-ի, ասվում է երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ ցուցարարները նախորդ օրը բողոքի ցույցի են դուրս եկել խորհրդարանի դիմաց՝ իրենց հետ ունենալով էլեկտրաշոկերներ, մահակներ, քարեր, տարբեր պիրոտեխնիկա, ներկեր եւ օրենքով արգելված ու բռնի գործողությունների համար նախատեսված տարբեր առարկաներ, որոնք առգրավվել են ոստիկանների կողմից։