կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 19:18
Քաղաքական

Իշխանության համար լավագույն ընդդիմությունը, իսկ հայ ժողովրդի համար վատագույն ընդդիմությունը ՀՀԿ-ն է

Իշխանության համար լավագույն ընդդիմությունը, իսկ հայ ժողովրդի համար վատագույն ընդդիմությունը ՀՀԿ-ն է

ՀՅԴ վարկանիշային ցուցակով Քանաքեռ-Զեյթունում վարչական տարածքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գեղամ Մանուկյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում խոսել է  քաղաքական զարգացումների, ընտրությունների ու քարոզարշավի մասին: Գեղամ Մանուկյանի համոզմամբ` Հայաստանը կարևոր ջրբաժանի առջև է կանգնած. ապրիլ-մայիսի համաժողովրդական շարժումով մի մեծ էջ փակվեց: Ըստ Գեղամ Մանուկյանի,  լավ է, որ այդ էջը փակվեց, բայց այն մաքուր էջը, որը սկսվում է, պետք է կոկիկ ու մաքուր հայերենով գրված լինի:

«Այդպես գրելու համար, պետք է լինի վերահսկողություն, լինի խորհրդատու, դիտողություն անող: Երբ ինքնասիրահարված, ինքնագոհ մթնոլորտ է ձևավորվում, դա լավ տեղ չի տանում: Դրա համար էլ, կարծում եմ, խորհրդարանում շատ անհրաժեշտ են քաղաքական այլընտրանք, քննադատություն ու դիտողություն անող ուժերը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով` այսօրվա իշխանության համար լավագույն ընդդիմությունը, իսկ հայ ժողովրդի համար վատագույն ընդդիմությունը ՀՀԿ-ն է: Եվ շատ հեշտ է լինում բանավեճ կազմակերպել, երբ երկու կողմերում նախկին և ներկա իշխանություններն են: Ավելին` նոր իշխանությունը ցանկանում է, որ ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, քանի որ ի պատասխան ՀՀԿ-ի քննադատությունների, կարող է ամեն անգամ հիշացնել իրենց ժամանակները: Բայց երբ որ մեկ այլ ուժ քննադատի, իշխանությունը ստիպված կլինի արդարանալ:

Հարցին, թե ինչու՞ ընտրողը պետք է ընտրի դաշնակցությանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ Դաշնակցության ցուցակում այն մարդիկ են, ովքեր երկար ու դժվարին պայքարի ուղի են անցել: Բացի այդ, ընտրություններին մասնակից կուսակցություների մեծ մասը լիբերալ են, չկա որևէ ուժ, որը սոցիալական հարցերի մասին խոսի իրոք իբրև սոցիալիստ, իբրև սոցիալական արդարության ջատագով, միայն Դաշնակցությունն է:

Զրույցի ընթացքում, խոսելով դաշնակցական նախարարներից մեկի` ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի մասին, Գեղամ Մանուկյանը կուլիսային փակագծեր բացեց, ասելով, որ ուսուցիչների կրճատման հարցով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լուրջ վեճ է ունեցել Լևոն Մկրտչյանի հետ, քանի որ վերջինս ամեն կերպ ընդդիմացել է ուսուցիչներին կրճատելու որոշմանը:

«Լավ բացեմ փակագծերը մինչև վերջ:  Կարեն Կարապետյանը լիբերալ մոտեցման պատճառով վեճ ունեցավ Լևոն Մկրտչյանի հետ, նրա հետ չէր շփվում: Արծվիկ Մինասյանի հետ կապված լուրջ խնդիր կար: Բայց դաշնակցական նախարարները գործել են սկզբունքով: Լևոն Մկրտչյանը վստահ էր, որ 10 հազար ուսուցիչ չպետք է կրճատվի, ոչ  նրա համար, որ հետո հայտարարեր, թե այդ հարցով վիճել է վարչապետի հետ»,- ասաց Գեղամ Մանուկյանը: