կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 17:22
Քաղաքական

Պաշտոնանկության մասին հարցը Հրայր Թովմասյանին զայրացրեց

Պաշտոնանկության մասին հարցը Հրայր Թովմասյանին զայրացրեց

Այսօր ԱԺ-ում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Yerkir.am-ի հարց ուղղեց նրա հետագա պաշտոնավարման մասին, ինչը զայրացրեց նրա: Փոքր-ինչ խոժոռվելով` նախարարը հայտարարեց. «Ով է լինում կառավարությունում` որոշում է քաղաքական մեծամասնությունը, նախարարի կարծելով չէ, նախագահն էլ Նոստրադամուս չէ»:

 

Դիտարկմանն ի պատասխան, թե հաշվի են առնվում կատարված աշխատանքները, նվիրվածությունը, նախարարը բորբոքված հայտարարեց, որ իր աշխատանքը գնահատվում է քաղաքական մեծամասնության կողմից, որի` այդ մեծ թիմի անդամն է, եւ եթե այդ մեծ թիմը որոշի, որ այդ աշխատանքը մեկ ուրիշն է ավելի լավ կատարելու, ուրեմն մեկ ուրիշը կկատարի: Կադրային որեւէ քննարկում, ըստ Թովմասյանի, չի եղել:

 

Նա հիշեցրեց, որ այս կառավարությունն իր լիազորությունները կատարելու է մինչեւ ապրիլի 10-ը: Հարցին, թե` մտածե՞լ է ինչով է զբաղվելու, եթե նախարար չլինի, Թովմասյանը պատասխանեց. «Կարծում եք, որ ես զբաղվելու բան չե՞մ ունենա, ես՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ... Գործն այնքան շատ է, դրա մասին չեմ մտածում»:

 

Դիտարկմանը, թե` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նման ի՞նքն էլ սթրեսի մեջ չի ընկնի, եթե հանկարծ կրկին նախարար չլինի, Թովմասյանը վստահեցրեց, որ չգիտի մի դեպք, երբ մի նախարարի հանել են, եւ նա շատ սթեսի մեջ է ընկել: «Մենք ջահել ենք, երիտասարդ ենք, դեռ լիքը բան ունենք անելու եւ տարբեր տեղերում կարող ենք լինել»,- նշեց արդարադատության նախարարը: