կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 00:08
Առանց Կատեգորիա

Նախ եւ առաջ ապահով հայրենիք

Նախ եւ առաջ ապահով հայրենիք

Հայ մարդը, երբ ցորենի հատիկը հանձնում է հողին, թիկունքով չի շրջվում դեպի իր ցորենարտը, չի հեռանում, որպեսզի մեկ էլ ամռանը գա` գերանդին սրած եւ սկսի մի չտեսնված ու չլսված հունձք: Նա այդ պահից մինչեւ աշնանային իրիկնահացը կանգնած է իր ցորենարտի գլխին, նրա հետ է գիշեր-ցերեկ` որտեղ էլ լինի,  քուն թե արթուն: Այդ մարդը ակնդետ հետեւում է ամպերի չուին, որսում է դիմադիր քամիների տարընթաց ուղղությունները, ագռավների թռիչքով ու ծառերի սոսափյունով, մայրամուտի գույներով ու Լուսնի պսակով վերծանում է իր ցորենարտի վրա բացվող վաղվա օրը: Լցվում է բնության զգացողությամբ հողին հանձնված այդ հատիկի չափ: Եվ կռվում է կտցահարող թռչունների, դաշտամկների եւ…, եւ հայ մարդը անգամ Աստծո դեմ է կռվում, որպեսզի ցորենի այդ հատիկը հողում փառավորապես մեռնի հարության հրաշքով: Այսինքն` հայ մարդը ցորենի այդ հատիկը մեռցնում եւ նրան հարություն է տալիս ճակատի քրտինքով ու հոգու սարսուռներով: Պարզ է, թե հանուն ինչի, ժպիտով ու անչար ապրելու համար:

 

2013 թվականի փետրվարի 18-ին այդ հայ մարդը նախագահական իր քվեաթերթիկը հանձնում-նետում է քվեատուփ:

 

Վերջ: Բայց ինչ կարող է անել այդ մարդը: Նա հպարտ մտահոգությամբ ու խրոխտ քայլքով գնում է ընտրության եւ իր ձայնը` խիստ տիրական ու տերունական շեշտադրմամբ, տալիս է իր ընտրյալին: Քայլում է այնպես, տալիս է այնպես, որ նա, ով կոչված է ներկա լինելու այս ձայնատվությանը, ասի.  «Այս մարդը  գիտի` ում եւ ինչու: Այս մարդու ձայնը խիստ է, տիրական, աղմուկ լռեցնող ձայն է, հազարներից ջոկվող, հազարների մեջ չկորչող, չմոլորվող ու չշփոթվող ձայն է այս մարդու ձայնը` անվրեպ ու անխոտոր: Այս մարդու ձայնը առվի ջուր չէ, որ մեկի պարտեզից հանես` ուղղես ուրիշի այգին: Այս մարդու ձայնի դեմն առնել չի լինի, քառասուն ջրաղացքարի տակ էլ կհասնի Դավթին, քառասուն դարպասի ետեւում էլ կարթնացնի Մհերին` միայն նրան, ում հասցեագրված է, ում համար հնչել է»:

 

Այսպես: Ենթադրենք այսպես եկավ տիրոջ նման, տվեց իր անշփոթելի ձայնը եւ գնաց տիրոջ նման: Բայց նա չի գնում: Այդ օրը նա ինքն  իրեն պահակ է կարգում, իր հսկողության տակ է առնում ամեն ինչ, մնում է իր ցորենարտի գլխին կանգնած: Տիրոջ նրա ներկայությունը, նրա ծանրակշիռ զգոնությունը շատերին կարող է կաշկանդել ու զսպել, շատ բան կարող են խափանել: Ընտրության ընթացքում սկզբից մինչեւ վերջ` մինչեւ արդյունքների պաշտոնական հրապարակումը, նրա ներկայությունը պիտի զգացվի ամենուր: Փետրվարի 18-ը ոչ միայն ընտրության օր է, այլեւ ժողովրդական  հսկողության ու վերահսկողության օր: Հայ մարդը փորձության է ենթարկվելու` կկարողանա տնօրինել իր բախտն ու ճակատագիրը, կկարողանա իր գրպանում բռնել մանրիկ, անպատկառ գողի ձեռքը: Պետք է որ կարողանանք: Դա առանձնահատուկ դժվարությունների հետ կապված չէ: Հակառակ դեպքում վերածվելու ենք ծառայամիտ ու հաճկատար զանգվածի, եւ այդպես շարունակելով, հայտնվելու ենք միջնադարյան ասիականության ամենակենտրոնում:

 

Վաղվա մեր ընտրությունը մենք կատարենք` չմոռանալով, որ նժարին դրված է մի բան, որին չի հավասարակշռի բացարձակապես ոչինչ: Մեծագույն հարգանք տածենք միմյանց ազատ-անկախ ընտրության իրավունքի նկատմամբ, հարգալից հանդուրժողականություն ցուցաբերենք յուրաքանչյուրիս իմացյալ, թեկուզ այլընտրանքային կողմնորոշմանը, բայց գործուն անհանդուրժողականություն դրսեւորենք պարականոն ընտրության մանր ու մեծ փորձերի դեմ:

 

Այսօր խանութպանը հալածվածի նման ասում է. « Հայաստանում առեւտուրը զարգացնելու իրավական դաշտ չկա»: Ձկնգողը թաց զգեստը չփոխած, արցունք է թափում, թե Հայաստանում ձկնորսությունը զարգացնելու իրավական դաշտ չկա: Մանկաբարձը սեւավորված սգում է, թե Հայաստանում մանկածնությունը խթանելու իրավական դաշտ չկա: Դատապաշտպանը բարձրագոչում է, թե Հայաստանում մարդասպանին պատժելու իրավական դաշտ չկա: Չկա, չկա, չկա:

 

Հայաստանը համատարած իրավական դաշտ դարձնելուց հետո էլ ոչինչ չի փոխվի: Հայաստանը նախ եւ առաջ պիտի դարձնել հայրենիք, ապահով հայրենիք, թողնել, որ մնա հայրենիք, որպեսզի Ա-ից մինչեւ Ք-ն իրենց տեղն ընկնեն: Ուրիշ ելք չկա: Հայրենիք ունենալու համար ազգանունից առավել խիղճ պիտի ունենալ, խղճի բարոյականություն: Անխիղճ մարդը, որտեղ էլ ապրի, թեկուզ Մայր տաճարում մյուռոն եփի, միեւնույն է` նա ջունգլիների բնակիչ է: Այնպես որ այսօր ընտրվողից ոչ թե հաց ու ջուր պահանջենք, ընտրվողից բարոյականություն պահանջենք:

 

Հ.Գ. Շատ վատ է, երբ Աշնակի մեր բակի խոտի դեզը, որը 10-15 այծ հազիվ է գարուն հանելու, կարողանա մեզնից ծածկել Արարատը, նրա վեհությունը, մեր պատմությունն ու մեր վաղնջականությունը, մեր պատասխանատվությունը անցյալի, վաղվա սերունդների առջեւ:

 

Ռոլանդ Շառոյան