կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 15:10
Հասարակություն

Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ մտավորական և պարզ մարդ. ՀՀ նախագահն այցելել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը:

Հանրապետության նախագահն այսօր Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է:

«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ թանգարանի հիմնումը մեծ նվեր կլինի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետև Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է:

«Ես մի քանի ամիս առաջ երկար զրույց եմ ունեցել Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ով հանդիպման էր եկել որոշ գործընկերների հետ՝ անհանգստացած լինելով երկրի ներքին ու արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական վիճակով, կրթության ու տնտեսության զարգացման հարցերով: Երկար խոսեցինք, և հերթական անգամ ինձ համար պարզ դարձավ, որ նա ոչ միայն հերոս է, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ, խորը մտավորական և լավ մարդ, պարզ մարդ, ով ապրելով հերոսական կյանք, մնացել է նույնքան պարզ, դրական եռանդով լցված: Մեծ մարդ էր Արկադի Տեր-Թադևոսյանը»,- նշել է Հանրապետության նախագահը:

Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր: