կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 19:41
Առանց Կատեգորիա

Հորդորելուց առաջ նախ գոնե ներողություն խնդրեք, պարոնա՛յք

Հորդորելուց առաջ նախ գոնե ներողություն խնդրեք, պարոնա՛յք

ԼՂՀ ՊՆ-ն հանդես եկավ զորացրված զինծառայողների զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցած լինելու մասին նշագրումն անվավեր ճանաչելու դեպքերի հետ կապված «պարզաբանմամբ»: Դրանից պարզ դարձավ, որ ապրիլյան դեպքերին մասնակցության մասին գրառումները որոշ զինծառայողների զինգրքույկներում հայտնվել են համապատասխան զորամասերի համապատասխան պաշտոնատար անձանց «անփութության արդյունքում թույլ տրված վրիպման» արդյունքում: Ելնելով դրանից՝ ԼՂՀ ՊՆ-ն հորդորեց թեման չշահարկել:

Այն, որ թեման իսկապես շահարկվում է, փաստ է: Ընդ որում՝ դա տեղի է ունենում բանակի, ավելի ճիշտ` Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների հանդեպ առկա հանրային որոշակի անվստահությունը մանիպուլյացիայի գործիք դարձնելով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե անվավեր են ճանաչվում այն տղաների զինգրքույկներում արված նշագրումները, որոնք ապրիլյան պատերազմի օրերի գտնվում էին դիրքերում, կենաց ու մահու կռիվ էին տալիս կամ մարտական առաջադրանք էին կատարում: Ուշագրավն այն է, որ առայժմ չի գտնվել որևէ մեկը, ով, իր զինգրքույկում արված գրառումն անվարեր համարելն անարդարացի համարելուն ու սոցցանցերով թմբկահարելուն զուգահեռ, «անարդարությունն» ապացուցող փաստեր կամ հանգամանքներ ներկայացնի:

Դժվար է հավատալ, որ որևէ սպա, որևէ պաշտոնատար անձ իրեն թույլ կտար այդ օրերին իսկապես մարտական գործողություններին մասնակցած տղաների զինգրքույկում նման «ուղղում» կատարել: Դրա հետևանքները, գոնե հանրային պարսավանքի առումով, նրանց համար չափազանց ծանր կլինեին, եթե նույնիսկ մարդու ինքնահարգանքի և ամոթի գործոնը թողնենք մի կողմ: ԼՂՀ ՊՆ-ի պարզաբանումից պարզ է դառնում, որ պարզապես ինչ-որ մարդիկ, զորամասերում նստած, ինքնագործունեությամբ են զբաղվել, այդ գրառումն արել են զինվորներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց լավություն անելու կարգով, չի բացառվում՝ գուցե նաև նյութական շահագրգռություն ունենալով: Ի վերջո, բոլորին է պարզ, որ այդ գրառումը զորացրված զինծառայողներին արդարացիորեն որոշակի սոցիալական առավելություններ է տալիս: Իսկ որ իր զինգրքույկում նման գրառում ուզում է տեսնել ցանկացած զինծառայող, պարզ դարձավ, երբ անգամ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասնակից` զորացրված զինծառայողներից մեկը հարց ուղղեց, թե որքանո՞վ է ճիշտ ոմանց զինգրքույկներում կատարել այդ գրառումը, մյուսների դեպքում՝ ոչ: Եվ այս առումով նման կոշտ միջամտությամբ  զինգրքույկների նշագրումները վերանայելու որոշումը կասկածի տակ առնել չի կարելի: 

Բայց ստեղծված իրավիճակը ու հատկապես `ԼՂՀ ՊՆ-ի պարզաբանումը փաստում են, որ շահարկման առիթը ոչ թե նախկին զինծառայողներն են տալիս կամ նրանց հարազատները, այլ հենց պաշտպանական գերատեսչությունն` ինքը: Մի կողմ ենք թողնում այն իրողությունը, որ պաշտոնապես առայժմ դեռ որևէ պարզաբանում չի տրվել, թե, ի վերջո, ի՞նչ է նշանակում «մարտական գործողությունների մասնակից» լինելը: Գուցե մասնագիտական առումով և իրավական տեսանկյունից ամեն ինչ հասկանալի է: Սակայն ռազմագիտությունից շատ բան չհասկացող մարդը, ով պատրաստ է հեշտությամբ տուրք տալ մանիպուլյացիաներին, ուզում է հասկանալ՝ ինչո՞վ է խրամատում հակառակորդի առաջխաղացումը կասեցնող զինվորի գործողությունը տարբերվում թիկունքում հավաքված, բայց հակառակորդի արկակոծության պատճառով առաջ շարժվելու հնարավորություն չունեցող զինվորի «անգործությունից», այդ պահին ինչ-որ սենյակում ռադիոհետախուզության իր գործառույթը կատարող զինծառայողի «պասիվ» գործողությունից կամ այդ պահին ճակատում կռվող տղաներին սնունդ մատակարարելու նպատակով ճաշարանի խոհանոցում կարտոֆիլ մաքրող խոհարար-զինծառայողի աշխատանքից: Նման տեքստով պարզաբանում տալը խոստովանություն է, որ զորամասերում կան ռազմական չինովնիկներ, ովքեր այնքան ստոր կարող են լինել, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո իրենց նման ինքնագործունեություն են թույլ տալիս: Փաստորեն, մեզանում դեռ կան մարդիկ, որոնք դուրս չեն եկել ղարաբաղյան մեծ պատերազմի հրադադարի հաստատումից հետո սկսված` երկրապահական կեղծ վկայականներ բաժանելու անբարո ուղեգծից և իրենց թույլ են տալիս այսքան հեշտ խաղալ բանակի հեղինակության հետ, հանիրավի բաժանարարներ առաջացնել զինծառայողների միջև:

Սա այն դեպքում, երբ վարից վեր բոլորը բարձրացնում են բանակում լուրջ համակարգային փոփոխություններ կատարելու հարցը, երբ ամենաակտուալ խնդիրը հիմա համարվում է բանակի և հատկապես` նրա ղեկավարության հանդեպ հասարակական վստահության ամրապնդումը, բանակի մարտունակությունն ու մարտական ոգին բարձրացնելը: Երբ առանց հուշելու էլ պետք է հասկանալի լիներ, որ այլևս կան բարոյական, էթիկական սահմաններ, որոնք ոչ մի պարագայում անցնել չի կարելի և անցնել թույլ չի տրվելու, երբ առանց խոսքի էլ պետք է պարզ լիներ, որ ապրիլյան դեպքերից հետո մարտական գործողություններին մասնակցած լինելու` նման նուրբ իրողությանը մատների արանքով նայել չի կարելի:

Եվ ոչ մի բացատրություն, թե ի՞նչ հանգամանքներում, ո՞ւմ կողմից ու ինչպե՞ս է հնարավոր եղել նման զանցառությունը: Ու ոչ միայն անգամ գրչի ծայրով ակնարկ չի արվում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, այլև մարդիկ նույնիսկ զլանում է արձանագրված խայտառակ փաստի կապակցությամբ գոնե ներողություն հայցել: Բոլորն էլ մարդ են, կհասկանային, ու վստահ եղեք, նաև կխրախուսեին:

Գևորգ Դարբինյան