Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է:
Շարմազանովի խոսքով՝ վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը, այդ երկրի նախագահի գլխավորությամբ, ջղաձգումների մեջ է և փորձում է նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար: «Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,- նշեց նա:
Անդրադառնալով Ալիևի՝ Հայաստանին իսլամաֆոբիայի և մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ մեղադրող հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի փորձը: Նա նշեց, որ Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալու: «Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշերից մեկն է: «Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել` Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակհազարավոր հայկական խաչքարեր»,- եզրափակեց Շարմազանովը: