Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` երկարատև, ծանր հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
Ներկայացնում ենք Զեյթունցյանի մտքերը այս կամ այն խնդրի, հարցի առնչությամբ /մտքերը վերցված են «Ֆեյսբուք»-ում գրողի պաշտոնական էջից/:
***
Իմ, դժվար էլ է հավատալը, ավելի քան 60 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, թե այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզվով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, որոնցից միայն մեկն է՝ «Ապրելն ու մեռնելը», որ չի բեմադրվել: Վերջերս Ֆրանսիայում արժանացա «Արարատ» գրական մրցանակին, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պաշտոնապես հանձնեց, ԱՄՆ-ում, «Ֆաունթեն» թատրոնում իմ երեք թատերախաղերի հիման վրա, անգլերեն, ընթերցողական բեմադրություն ներկայացվեց, Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնն ինձ Գրիգոր Նարեկացու անվան շքանշան շնորհեց: Ահա և իմ ապրած կյանքի համառոտ հանրագումարը:
***
Արտաքուստ ես շատ միօրինակ, միապաղաղ կյանքով եմ ապրում, այլազան զվարճանքների չեմ տրվում, մոլախաղերով չեմ տարվում: Պարզապես խաղալ չգիտեմ, ժամանակին չեմ սովորել: Իմ թատերագրությունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, այդ խաղերին է փոխարինում, քանի որ ի վերջո նույնպես խաղ է: Անվանումն էլ է նույնը վկայում՝ թատերախաղ. այսինքն՝ խաղ, որն ինձ զբաղեցնում է գործողությունների լարվածությամբ, ներքին անակնկալներով, խարդավանքներով, հենց թեկուզ կառուցվածքային յուրահատկությամբ: Ընթերցանության առումով էլ թատերգությունն ինձ համար սիրելի գրական ժանր է:
***
Մինչև 1988 թվականը ես հրապարակախոսությամբ չեմ զբաղվել, մամուլում հոդվածներով հանդես չեմ եկել:
1988-ի շարժումն ինձ այլափոխեց՝ ես ամբողջ էությամբ տարվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, վճռականությամբ, հավատացի, որ պատմական իրադարձությունների էի մասնակցում: Դրանք, առանց չափազանցության, իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Ես շարժման մասնակից ամենաանաղմուկ, բայց հավատարիմ գրողն էի, Օպերայի հրապարակում իմ մշտական, մեկուսի տեղն ունեի, ամեն երեկո, առանց բացառության, բոլոր հռետորներին ծայրեծայր լսում էի: Եթե հանրահավաքը շատ ուշ էր վերջանում, ոտքով էի տուն վերադառնում: Որքան մեծ էր իմ ոգևորությունը, այնքան էլ դառն ու խորը եղավ հաջորդած հիասթափությունը, մանավանդ որ նյութականը իսկույն փոխարինեց հոգեկանին, գրական ընթերցանությունը մոռացվեց, մշակույթն ընդհանրապես անտեսվեց: Իմ հրապարակագրությունը ներքին այդ բախումից է ծնվել, քանի որ ինձ համար օրենքը հասարակության, երկրի բարոյականության հիմքն է:
***
Հայկական բանակը մեր պատմական նվաճումն է, որով ամեն հայ պիտի հպարտանա: Հպարտանում է: Երբ ես փողոցում կամ հեռուստատեսությամբ հայկական համազգեստով, զինանշաններով զինվորներ եմ տեսնում, ներքին բերկրանքս չեմ կարողանում սքողել ու, երևի տարիքից է, ուրախությունից քիչ է մնում լաց լինեմ: Այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեմ համակերպվում այն լուրերի հետ, որ մեր զորամասերում ներքին բախումներ են պատահում: Դա իմ կարծիքով խորհրդային՝ բազմազգ բանակի տխուր ժառանգությունն է: Ամեն հայ նորակոչիկ համազգեստ հագնելու պահից պիտի մեկընդմիշտ հասկանա, որ ինքը ծառայելու է իր հայրենակիցների՝ եղբայրների հետ, իսկ բոլորը միասին ծառայելու են համընդհանուր, համազգային նպատակի:
***
Հայաստանն իմ միակ հայրենիքն եմ համարում, Հայաստանից հեռու ինձ որպես անհատ, առավել ևս գրող չեմ պատկերացնում: Չնայած այսպես կոչված ձնհալից հետո էլ եմ շատ հալածվել: Իմ «Ոտքի՛, դատարանն է գալիս» թատերախաղը հանրապետության կուսակցական ղեկավարները առանց դիտելու արգելեցին: Ես խորապես վիրավորված էի ոչ այնքան իմ ստեղծագործության ճակատագրի, որքան այն անանձնական վրիժառուի համար, որը ցեղասպանության մոլագարությունը չհաղթահարած մեր ժողովրդին ազգային արժանապատվություն հաղորդեց, ում անգամ գերմանական դատարանն արդարացրեց:
***
Մարդը, ինչպես սովորաբար ընդունված է կարծելը, դիմակի է դիմում ոչ այնքան դիմացինի, որքան իր համար: Նա ձգտում է այնպիսին լինել, ինչպիսին ի՛նքն է իրեն պատկերացնում և ոչ այնպիսին, ինչպիսին ուզում է, որ ուրիշներն իրեն տեսնեն: Սա՝ ի միջի այլոց: Թերևս ոչ այնքան իմիջիայլոց…
***
Չպիտի ջայլամի պես գլուխներս խոթենք ավազի մեջ։ Էս մեկուկես միլիոն մարդու արտագաղթը մեծագույն աղետ է Հայաստանի համար։ Մեկ-մեկ խոսում ենք, ուղղակի փնթփնթում ենք մենք։ Սա պետք է դառնա ազգային հարց։ Ղարաբաղի հարցին հավասար ազգային հարց։ Ղարաբաղը որ ունենանք եւ մեկուկես միլիոն հայ չունենաք այսօր, ի՞նչ կստացվի։ Չի փոխհատուցվում, չէ՞։ Իսկ դրա համար պետք է մտածենք, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հայը ոչ թե ուզենա արտագաղթել, այլ ներգաղթել։ Մեկ խնդիր ունենք այսօր՝ ստեղծել բարեկեցիկ Հայաստան։ Ստեղծենք մի երկիր, ուր բարոյական արգելանքներ լինեն։ Այսօր չեմ տեսնում այդ բարոյական արգելքները։ Դրա վերականգնման համար ես ունեմ մի միամիտ դեղատոմս ընդամենը՝ պետք է լինի օրենքի գերակայություն։ Եթե դառնա օրենքի երկիր, երբ ոչ թե օրենքը կախված լինի մարդուց, այլ մարդը օրենքից, այդ դեպքում օրինականության հիմքերը կդրվեն։ Սա մեկ։
Երկրորդ հակասությունը՝ մեր մշակույթը, մեր ողջ մշակութային ժառանգությունը եվրոպական մակարդակ ունի, իհարկե հիմքը ազգային է, բայց հավասարազոր է եվրոպականին։ Ինչպես Վարուժանն է ասել. «Մեր գրականությունը պետք է ազգային ըլլա, բայց անոր հիմքը պետք է համամարդկային ըլլա»։ Այդպես էլ մեր ողջ մշակույթը եվրոպական է։ Բայց մեր կենցաղը արեւելյան է։ Նայեք մեր հարսանիքները, թաղումները, կնունքները, մենք մեր կենցաղով արեւելյան ենք։ Բայց դրա կողքին Խաչատրյան, Սարյան, Բաբաջանյան ունենք, Կոջոյան ունենք, որոնք կապ չունեն դրա հետ։
Ահա այս խզումը կա։ Նման խզումներ շատ կան, սրանք աստիճանաբար վերացնելու մասին նաեւ պետք է մտածենք։ Պետք է նայենք նույն ուղղությամբ, ուր ընթանում է համաշխարհային արվեստը, օդանցքները բացել, տեսնել, թե աշխարհում ինչ կա եւ քո օդի մեջ բերել նաեւ այդ օդը, իհարկե ազգայինը պահպանելով։ Պատահական չէ, որ այսօր մեր պոեզիան թարգմանվում է եւ ամենից շատ Սեւակն է ընդունելության արժանանում դրսում։ Ինչո՞ւ, որովհետեւ նա համաշխարհային գրականությանն ընթանում է համաքայլ։ Նա լուսանցքում չէ։ Լուսանցքում, որ ընկնես, քեզ ոչ ոք չի հասկանա։ Այ մենք պետք է ձգտենք մնալով խիստ ազգային, հայ, բայց այնուամենայնիվ լուսանցքում չմնալ:
***
«Այսպես ասած «գրավյալ տարածքները» ո՞րն են։ Ես շատ դեմ եմ տարածքներ հանձնելուն։ Դրանք տարածքներ չեն, դա հայրենիք է։ Ես ինչպե՞ս ասեմ, որ հայրենիք հանձնելը ճիշտ է։ Հերիք է կորցնենք, գոնե մի անգամ ինչ-որ բանի տեր լինենք»: