Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն իր խոր մտահոգությունն է հայտնում Արաբկիրի թաղապետարանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Որոշ ժամանակ է՝ տեղեկանում էինք թաղապետարանի անձնակազմի հանդեպ թաղապետ պարոն Արամ Դանիելյանի ոչ կոռեկտ վերաբերմունքի մասին, սակայն չէինք հրապարակայնացնում՝ չքաղաքականացնելու համար։ Աշխատակիցների վրդովմունքին ականջալուր չեղավ նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Երեկ պալարը պայթեց. Արաբկիրի թաղապետարանի շուրջ 90 աշխատակցի ստորագրությամբ թաղապետի դեմ բողոքի գրություն կազմվեց ու հանձնվեց Երեւանի քաղաքապետարան։
Յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, սեռից, կրոնական և քաղաքական հայացքներից, ունի պարտավորություններ, սակայն ՀՀ օրենսդրությամբ ու մարդկային փոխհարաբերության հիմնական հասկացություններով սահմանված` ունի նաեւ իրավունքներ: Գործատերն ու բարձրաստիճան պաշտոնյան նախ եւ առաջ պարտավոր են հարգել իրենց աշխատակիցների իրավունքները, այնուհետեւ աշխատավորներից պահանջել լիովին գործադրել իրենց պարտավորությունները։ Ընդունելի չէ՝ ուղղակի, թե անուղղակի միջոցներով մարդկանց ազատել իրենց աշխատանքից կամ, շահագործելով աշխատանքը կորցնելու վախը, փորձել նրանց հպատակեցնել։
Արձանագրելով, որ Արաբկիրի թաղապետի նշանակումը ՀՀ իշխանությունների կադրային ձախողված քաղաքականության եւս մեկ դրսեւորում է, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտեն հայտարարում է` պատրաստակամ է հանուն համայնքի բարօրության, թաղապետարանի հետ գործակցել` վերականգնելու համար փոխադարձ վստահությունը թաղապետի, թաղապետարանի անձնակազմի ու համայնքի բնակչության միջեւ:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Արաբկիրի «Կոմիտաս» կոմիտե