կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 13:38
Սպորտ

Մեր թիմը կարգով շատ ավելի բարձր է մրցակցից. Դավիթ Մանոյան

Մեր թիմը կարգով շատ ավելի բարձր է մրցակցից. Դավիթ Մանոյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և  «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով ոտքի լուրջ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, yerkir.am-ի հետ զրույցում խոսեց իր առողջական վիճակի և ազգային հավաքականի՝ Լյուքսեմբուրգի հետ կայանալիք  առաջիկա ընկերական հանդիպման մասին:

 

-Դավի'թ, ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա, ե՞րբ լիարժեք կվերականգնվեք:

-Ինձ արդեն լավ եմ զգում: Վերականգնումս բավական արագ է ընթանում, կոնկրետ ժամկետ ասել չեմ կարող:

 

-Ի՞նչ կասեք առաջիկա ընկերական հանդիպման մասին: Ինչպիսի՞ն են Հայաստանի ազգային հավաքականի շանսերը:

-Մեր թիմը կարգով շատ ավելի բարձր է մրցակցից: Այս խաղը հնարավորություն կտա լավ պատրաստվել մարտին կայանալիք Չեխիա-Հայաստան խաղին:

 

-Վարդան Մինասյանը հրապարակեց հավաքականի այն կազմը, որը կմասնակցի առաջիկա ընկերական հանդիպմանը: Այնտեղ կային չորս նոր անուններ: Կխոսե՞ք նրանց մասին:

-Նրանց՝ իրենց առաջին խաղում հաջողություն եմ մաղթում: Ճիշտն ասած` նրանց խաղը երբեք չեմ տեսել, բայց եթե հրավիրվել են ազգային հավաքական, ուրեմն լավ ֆուտբոլիստներ են և կարող են օգտակար լինել թիմին:

 

-Ըստ Ձեզ` ընկերակա՞ն, թե՞ պաշտոնական հանդիպումներում են ավելի լավ դրսևորվում նորեկ ֆուտբոլիստների կարողությունները:

-Տարբերություն չկա: Երկու դեպքում էլ պետք է ապացուցես, որ հավաքականում խաղալու արժանի ես:

 

- Հայտնի պատճառներով հանդիպմանը չեք մասնակցելու: Որտեղի՞ց եք հետևելու խաղին:

-Որքանով տեղյակ եմ՝ խաղը հեռուստատեսությամբ չեն ցուցադրելու: Ստիպված եմ հետևել տեքստային տարբերակով:

 

-Ի՞նչ կփոխանցեք Ձեր երկրպագուներին և առհասարակ` բոլոր այն մարդկանց, ովքեր անհամբեր սպասում են Ձեր վերադարձին:

-Իրենց խոստանում եմ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնամ խաղադաշտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են այդ հարցում՝ ընկերներիս, ընտանիքիս և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով միշտ իմ կողքին է:

 

Հարցազրույցը` Շուշանիկ Հակոբյանի