կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 14:39
Քաղաքական

«Այո»-ի մեջ ավելի շատ ընդդիմադիրներ կան, և ավելի շատ իշխանություն կա «ոչ»-երի մեջ. Դավիթ Շահնազարյան

«Այո»-ի մեջ ավելի շատ ընդդիմադիրներ կան, և ավելի շատ իշխանություն կա «ոչ»-երի մեջ. Դավիթ Շահնազարյան

Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Համաձայնություն» քաղաքական-հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ բոլոր ժամանակներում էլ կարող է հարց առաջանալ, թե ժամանակը չէ՞ Սահմանադրություն փոխելու, բայց և այնպես պետք է գիտակցել, որ գործող Սահմանադրությունը բացառում է Հայաստանի էվոլյուցիոն զարգացումը, թեկուզ այն իմաստով, որ գործող Սահմանադրությունը իշխանափոխության հնարավորություն չի տալիս և չի տվել 25 տարիների ընթացքում:

Նա հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտն ուժեղացված էր, ինչն էլ հանգեցրեց նրան, որ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: 2005թ. Սահմանադրությունը ստեղծվել էր Քոչարյանի օրոք մի նպատակով` լիազորությունները նախագահից տարածել վարչապետի պաշտոնի վրա, դա էլ ուներ նպատակ` ծրագրվում էր նման Սահմանադրությամբ իշխանության բերել իր ստեղծած մինչփետրվարյան ԲՀԿ-ին: Դա էլ չհաջողվեց անել:

Սահմանադրության փոփոխությունների դրական կողմը, ըստ Շահնազարյանի, այն է, որ իշխանությունը չի կենտրոնանալու մեկ անձի ձեռքում, քաղաքական ուժերը խորհրդարանում հնարավորություն կունենան քվեարկելու ըստ իրենց խղճի ու համոզմունքների, այսինքն` պատգամավորները խմբակցությունից դուրս գալու իրավունք են ստանում:

Ըստ Շահնազարյանի` մտահոգիչ կետերն էլ այն են, որ չի երաշխավորվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թեև հիմա մի փոքր բարեփոխվել է այդ կետը: «Ինչո՞ւ պետք է հանրաքվեով փոփոխվի Հայաստանի տարածքը, մանավանդ, որ Հայաստանը դեռ չի ճշգրտել սահմանները իր ոչ մի հարևանի հետ»,- ասաց նա` հավելելով, որ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ուրեմն առաջին քայլը, որ պետք է արվի, փոփոխել այդ հոդվածը:

«Մի սխալ բան է կատարվում, որ «այո»-ի ու «ոչ»-ի ճամբարները փորձում են արհեստականորեն գծեր գծել` տարանջատելով ընդդիմությանը իշխանությունից, բայց այս գիծը որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև այսօրվա «այո»-ի մեջ ավելի շատ ընդդիմադիրներ կան, և ավելի շատ իշխանություն կա «ոչ»-երի մեջ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: