կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 12:13
Մշակույթ

Երիտասարդ հայ կոմպոզիտորների պատասխան քայլը` սեպտեմբերին

Երիտասարդ հայ կոմպոզիտորների պատասխան քայլը` սեպտեմբերին

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի երկրորդ համերգային օրը: Փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանի կոմպոզիտորների միության կողմից:

 

Երկու համերգային օրերի /ապրիլի 27, 28/ ընթացքում հնչեց ռուս երիտասարդ 11 կոմպոզիտորի թվով 13 ստեղծագործություն: Հայաստանի պետական երիտասարդական և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը, ինչպես նաև մենակատարները կարողացան հայ հանդիսատեսին 2 օրերի ընթացքում ներկայացնել ռուսական ժամանակակից ակադեմիական երաժշտության բացառիկ նմուշներ:

 

Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով` սա մի բացառիկ հնարավորություն էր` վերականգնելու հայ-ռուսական վաղեմի մշակութային բարեկամությունը:

 

Ապրիլի 28-ի համերգը մեկնարկեց կոմպոզիտոր Դանիիլ Եկիմովսկու «Ունայնություն» ստեղծագործությամբ` գրված ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար, հնչեցին նաև Սերգեյ Վիլկայի, Սելբի Նիյազովայի և Յարոսլավ Սուձիլովսկու ստեղծագործությունները: Սուձիլովսկին, ով ՌԴ Կոմպոզիտորների միության երիտասարդական թևի ղեկավարն է, ժամանել էր Հայաստան՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու համար:

 

Ի դեպ, տեղեկացնենք, որ երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էլ կհնչեն Ռուսաստանում: Նախնական պայմանավորվածության համաձայն` հայ երաժշտության օրերը Ռուսաստանում կմենարկեն տարվա երկրորդ կեսին: