Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կոմպոզիտորների միությունում մեկնարկեց Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 2-րդ փառատոնը: Yerkir.am-ի հետ զրույցում ԿՄ նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ փառատոնը մեծ նշանակություն ունի, քանի որ այն, կարծես, հաշվետվություն լինի:
«Մենք դարձյալ ի մի ենք բերում այն, ինչ ունենք, ինչ սպասելիք ունենք մեր երիտասարդներից, չէ՞ որ երիտասարդներն են դառնալու մեր դեմքը: Հեշտ չէ կատարել այն, ինչ նոր է ստեղծվում: Ժամանակը կարող է ասել, թե ինչպիսի ճակատագիր կունենա այս կամ այն ստեղծագործությունը: Փառատոնի մասնակիցների տարիքային շեմը սկսվում է 18-ից` հասնելով 35-40-ի: Կան երիտասարդներ, որոնք կայանում են ոչ միայն հանրապետությունում, այլև դրսում»,- ասաց Սաթյանը` հավելելով, որ փառատոնին մասնակցում են երիտասարդ կոմպոզիտորներ, որոնք միջազգային մրցույթներում լուրջ հաջողությունների են հասել:
«Մենք հաճախ են լսում հարցը` արդյո՞ք կան երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտորներ: Այո, կան, և փառատոնն էլ փաստում է, որ կոմպոզիտորական դպրոցը կայացել է»,- ընդգծեց ԿՄ նախագահը:
Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանն էլ նշեց, որ իրենք շատ մեծ նշանակություն են տալիս փառատոնին, քանի որ երիտասարդները ոչ միայն մեր վաղվա, այլ նաև այս օրն են, և կարևոր է, որ երիտասարդները կարողանան իրենց դրսևորել:
«Գաղտնիք չէ, որ շատ երիտասարդ կոմպոզիտորներ հեռանում են երկրից, ինչը շատ ցավալի է: Կոմպոզիտորը պետք է անպայման ապրի իր երկրում, որպեսզի ազգային մտածելակերպից չհեռանա: Դրա համար էլ պետք է պայմաններ ստեղծենք, որ մեր երիտասարդները կարողանան ապրել ու ստեղծագործել հենց Հայաստանում: Ճիշտ է, երկրից գնացողները դրսում իրենց գտնում են, կայանում, այսինքն` ուրիշ մասնագիտությամբ չեն զբաղվում, բայց, միևնույն է, փաստը ցավալի է»,- ասաց Չաուշյանը:
Ըստ նրա` իրենք փորձում են հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար, ինչպես ժամանակին իրենց համար էին մեր մեծերը ստեղծում: «Այդ տեսանկյունից` այսօրվա ԿՄ գործունեությունը շատ եմ գնահատում: Ի դեպ, սա արդեն երկրորդ փառատոնն է, իսկ այդ ընթացքում համերգներ են եղել նաև ՌԴ-ում և Վրաստանում: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի երիտասարդներին աշխատելու խթան տանք»,- ասաց Չաուշյանը:
Տեղեկացնենք նաև, որ փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 9-13-ը: Երեք համերգ կտրվի կոմպոզիտորների միության դահլիճում: Հաջորդ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, որի ընթացքում կհնչեն Արսեն Հարությունյանի, Գևորգ Բադալյանի, Մերի Դոլմազյանի, Շուշան Սարգսյանի, Արեգնազ Մարտիրոսյանի, Դավիթ Բալասանյանի, Ալվինա Կարապետյանի, Տիգրան Ասլանյանի և Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները: Ի դեպ, համերգների մուտքն ազատ է: