Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, ընտրական հեղափոխություն պետք է տեղի ունենա: Այս մասին նաը հայտնեց լրագրողների հետ զրույցում եւ ընդգծեց, որ հարգում է նախագահի բոլոր թեկնածուներին, հատկապես` Հայրիկյանին եւ Բագրատյանին, քանի որ ամենահեշտը տունը նստելն էր, բայց նրանք որոշեցին մասնակցել եւ արժանի մրցակիցներ կլինեն:
Րաֆֆի Հովհաննիսյանն առավել քան անհրաժեշտ է համարում, որ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի առաջիկա ընտրություններին: Նախագահի թեկնածուն կեղծ է համարում այն տեսակետը, որ այս ընտրությունները կանխորոշված են: Նա համոզված է, որ այս ընտրությունները լինելու են պատմական եւ ապագայամետ, լինելու է պայքար երկու Հայաստանների՝ գործող եւ ապագա Հայաստանների միջեւ: Նախագահի թեկնածուն վստահ է նաեւ, որ եթե անգամ մտնենք կեղծված ընտրապայքարի մեջ, կարելի է հաղթանակ տոնել, եթե ՀՀ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ այս ընտրություններն, ըստ էության, լինելու են ամենաոչմրցակցայինը` գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք մեծ ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, որեւէ ձեւաչափով չեն մասնակցում ընտրություններին: Ընտրությունների ոչ մրցակցային լինելը Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծ թեզ է համարում:
«Ես ինքս չեմ վախենում պարտվելուց եւ ոչ էլ հաղթելուց: Հարգում եմ բոլոր ուժերի, իրենց առաջնորդների որոշումները, բայց այդ նույն ուժերը վեց կամ ութ ամիս առաջ, հինգ տարի առաջ լավ էլ մրցակցում էին, նույն վիճակում, նույն Հայաստանում, պայքարում էին եւ հիմա որոշել են, որ չարժի դա անել, ինչը ոմանց համար հարցական է, ոմանց համար վիճահարույց, բայց դա հարգելի է իմ կողմից: Ես այս ամենից չեմ կարող բխեցնել, որ եթե չկա պրն Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի թեկնածուն, ուրեմն ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, ընդհակառակը` լինելու է երկու Հայաստանների՝ Սերժի եւ Րաֆֆու Հայաստանների մրցակցություն, մենամարտ»,- հայտարարեց Հովհաննիսյանը: