Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու` նախագահի պատրաստակամության մասին եւ ընդգծեց, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը վարում է նախագահի հետ հանդիպումից խուսափելու քաղաքականություն: Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ այս ընտրությունները լավագույնն էին մեր նորագույն պատմության մեջ:
«Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը: Ամբողջ նախընտրական քարոզարշավը Րաֆֆի Հովհաննիսյանը վարեց շատ քաղաքակիրթ, արեւմտյան տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, եւ սա ենթադրում էր, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանակներում, որ այդ թեկնածուն փորձում էր ներմուծել Հայաստան: Ցավալի է, որ հետընտրական այս զարգացումները կրկնում են նախորդ բոլոր ընտրություններից հետո եղած իրավիճակը, այն դեպքում, երբ արեւմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուներն առաջինն են զանգահարում եւ շնորհավորում ընտրված նախագահին»,- հայտարարեց Աշոտյանը:
Yerkir.am-ը ՀՀԿ-ական նախարարից հետաքրքրվեց` չի՞ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայիս պահվածքի «մեղավորն է» նաեւ Սերժ Սարգսյանը, ով իր իսկ քարոզարշավի ընթացքում գովեստի խոսքեր շռայլեց Հովհաննիսյանի հասցեին:
Աշոտյանը նախ ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, իրոք, գեղեցիկ քարոզարշավ էր անցկացնում, հետո հայտարարեց. «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանն այլ հաշվարկներ ունի: Կարող եմ մտածել, որ այս հանրահավաքային շարժումը նպատակ ունի իր շուրջ սոսնձել բոլոր այն 37 տոկոս ձայները, որ նա ստացել է: Այդ ըմբոստ էլեկտորատը հիմնականում քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի, եւ դա դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական քաղաքական կապիտալը չէ, եւ հետընտրական զարգացումները Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է տանել այն ուղղությամբ, որ իրականում դառնա ոչ թե այդ պահին 37 տոկոս ձայն հավաքած ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ այն քաղաքական գործիչը, որը տնօրինելու է այդ 37 տոկոս ձայները ընտրություններից հետո: Իհարկե, իր շահերը բախվելու են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ մի շարք այլ քաղաքական ուժերի շահերի հետ, որոնք այս ընթացքում չեմ կարծում, որ հեշտությամբ տան իրենց նախկին քաղաքական կապիտալը Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրանով եմ բացատրում նաեւ երեկվանից իրենց ակտիվ ներգրավումը հանրահավաքին` առնվազն երկու նպատակ հետապնդելով: Նախ` թույլ չտալ, որ ընդդիմադիր գործչի թիվ մեկ աստիճանը հասնի միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ երկրորդ` փորձել շատ պատեհ պահին, գեղեցիկ ձեւով Րաֆֆի Հովհաննիսյանին հանել բեմահարթակից»:
Արմեն Աշոտյանը համոզված է, որ հիմա ավելի շատ ոչ թե իշխանության համար պայքար է, այլ ընդդիմադիր դաշտում տեղերի դիրքավորման պայքար: Ըստ նրա` եթե Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողանա լուրջ հայտ ներկայացնել, ապա 4 տարիների ընթացքում միակ քաղաքական հարթակը նրա համար խորհրդարանն է լինելու, ուր ունի 3 պատգամավոր:
«Երեւանի քաղաքապետի ընտրություններով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ապահովի իր կուսակլցության գալիք 4 տարիների քաղաքական ակտիվությունը»,- հայտարարեց Աշոտյանը: