Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին, ասել էր, որ Հովհաննիսյանի պատմածն իր համար տարօրինակ էր, նաև հայտարարել, որ եթե այսպես շարունակվի, իրենք ստիպված կլինեն հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը:
Շարմազանովի այս հայտարարությունը, կարծես, բարկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդը, ձեռքը հարվածելով սեղանին, հայտարարեց. «Ամո'թ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ինչ-որ մի ձայնագրության հրապարակումով: Ես պահանջում եմ` թող հենց հիմա հրապարակեն այդ ձայնագրությունը»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ, իր կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ իր հայտարարության տեքստը չի կարդացել: «Եթե նա անձամբ կարդար իմ՝ բաց, մատչելի հայերենով գրված տեքստը չեմ կարծում, որ նրա մոտ նման տպավորություն ստեղծվեր: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ կարդա իմ հայտարարությանը տեքստը, ապագայում նման տհաճ իրավիճակների մեջ չհայտնվելու համար»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է ներողություն խնդել, եթե սխալված լինի, ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ այն քաղաքական գործիչների թվին չի պատկանում, ովքեր ինքնահաստատվում են գործընկերների ներողություն խնդրելով: Շարմազանովն ընդգծեց, որ յուրաքանչյուրն էլ կարող է շփոթվել:
Հարցին, թե` ժամանակը չէ՞, որ հրապարակեն հանդիպման ձայնագրությունը, որի մասին էլ խոսել է հենց ինքը՝ Շարմազանովը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Պարոն Հովհաննիսյանն ամեն հանդիպումից հետո ավելի շատ մանրամասներ է ներկայացնում: Ինքն աստիճանաբար հանգում է մեր տարբերակին»:
Yerkir.am-ի հարցին, թե` ինչպիսի՞ հանգուցալուծման սպասենք, Շարմազանովը պատասխանեց, որ միայն եւ միայն սահմանադրական ճանապարհով ընթացող հանգուցալուծումներ են լինելու: ԱԺ-ն փոխնախագահը հորդորեց լարվածություն, ճգնաժամ բառերով չորակել ստեղծված իրավիճակը: