կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 11:56
Առանց Կատեգորիա

Ամանորյա կատականի

Ամանորյա կատականի

Անվավեր

ՀՀԿ-ի ամանորյա միջոցառումներից մեկի ժամանակ, երբ Ձմեռ պապի դերում հանդես է եկել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, իսկ Ձյունանուշի դերում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական երիտասարդ Սանտա Կլաուսներից մեկը, հմայված Ձյունանուշի իշխանական գեղեցկությամբ, ցանկացել է սիրո խոստովանություն անել նրան: Ձմեռ պապն անմիջապես փորձել է համոզել երիտասարդին, որ այդ բանն անի գրավոր և ստորագրի, սակայն խելամիտ Սանտա Կլաուսը չի համաձայնել: Նա ասել է՝ մեկ է, եթե ստորագրեմ էլ, Նաիրա Զոհրաբյանը համարելու է անվավեր:

 

Մուրազատու

Հրանուշ Հակոբյանին, որպես 2012-ի լավագույն նախարարի, տարեմուտին այցելել է Ձմեռ պապը: Վերջինս եղել է մենակ (Հրանուշը Ձյունանուշներին չի սիրում): Նախարար տիկնոջ համար ամենաթանկ անակնկալը, սակայն, եղել է այն, որ Ձմեռ պապը հայտնվել է տիեզերագնացի շորերով:

 

Շեմ

Ազգային ժողովում շուտով քննարկվելու է քաղաքական գործիչների համար հատուկ թոշակ սահմանելու` ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նույնիսկ տարիքային շեմ է առաջարկել՝ 68:

 

Կանխավ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից դեկտեմբերի 25-ի նախօրեին շնորհավորական բացիկ է ստացել` Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա ավետիսով՝ վաղաժամ: Նմանատիպ պատմության մեջ է հայտնվել նաև ՀՀԿ-ի «Ամենա»-ն. ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը Ամանորի շնորհավորական ուղերձի փոխարեն նախագահ Սարգսյանին սխալմամբ ուղարկել է փետրվարի 18-ի 2013-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի շնորհավորանքը:

 

Քաղաքական երազանք

Ասում են՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է սիրում ազատ ժամանակ ոչ միայն կիթառ նվագել, ջազային երաժշտություն լսել, այլև քթի տակ դնդնալ ժողովրդական երգեր: Մասնավորապես` շատ է սիրում «Հով, Հով, Հովն ընկավ» երգը, որը նրա համար ոչ միայն գեղագիտական հաճույք է, այլև քաղաքական երազանք:

 

Բոլոնյան Արմեն

Երբ ԿԳ նախարարին Ձմեռ պապը հանդիմանել է, որ նա ավելի շատ Ֆեյսբուք է մտնում, քան նախարարություն, վերջինս խիստ զարմացել է` ախր ինքը Ֆեյսբուք մտնում է նախարարություն մտնելուց հետո:

 

Լևոն Սարգսյան