Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինակոչիկների եւ նրանց ծնողների կողմից վերջին օրերին խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում նրանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի մասին:
Տարին երկու անգամ նախազորակոչային այս օրերին հանրապետության զինկոմիսարիատներից զինակոչիկներ են գործուղվում «Արմենիա» բժշկական կենտրոն` ստուգումների: Քանի որ լրացուցիչ ստուգման կարիք ունեցողները բազմաթիվ են, վաղ առավոտից նրանք հերթագրվում են անալիզներ տալու, հետո` հետազոտության համար:
Ստուգման ժամերը բժիշկների քմահաճույքով են նշանակվում: «Արյան անալիզ պետք է հանձնեմ, բժիշկն ասում ա, որ իրենց աշխատանքն արդեն ավարտվել ա, վաղը արի, ասում եմ` հլա նոր ժամը 12-ն ա, ո՞նց ա ավարտվել: Ասում ա` տղա ջան, դու չես որոշում մեր աշխատաժամը, ես քո հավեսը չունեմ, ձեր համար առավոտվանից ներվերս եմ քայքայում, տակն էլ բան չկա»,- դժգոհում էր Սյունիքի մարզից Երեւան հասած մի երիտասարդ:
Մեկ ուրիշն էլ բողոքում էր, որ ուրբաթ օրը` դարձյալ առավոտյան, մտել է ստուգող բժշկի մոտ եւ հանձնարարություն ստացել գալ երկուշաբթի: «Ախր հո ամեն շաբաթ Լենինականից չեմ գալու, ահագին ծախս ա»,- դժգոհել է երիտասարդն ու ստացել բժշկից հետեւյալ պատասխանը. «Ձեռ չի տալիս, վափշե մի արի»:
Նորակոչիկների մի մասը հեռավոր մարզերից են, որոնց համար արդեն Երեւան հասնելը մեծ դժվարություն է: Բնականաբար, բոլորը չէ, որ քաղաքում ունեն ծանոթ-բարեկամ, որոնց տանը կարող են գիշերել: Ստացվում է, որ չնայած անվճար լինելուն, զինվորական ստուգումը զինակոչիկի ծնողներից մեծ միջոցներ է պահանջում ու հսկայական ժամանակ, որովհետեւ բժիշկները, երեւում է, անվճար աշխատելու սովոր չեն ու սկսում են ձգձգել` հաշվի չառնելով, որ գործ ունեն ապագա զինվորի հետ: Իսկ այս ձևով անցկացված ստուգման հետևանքը լինում է հիվանդ երիտասարդի՝ բանակում հայտնվելու՝ վերջին շրջանում բավական տարածված երևույթը: Իսկ դրա ողբերգական հետևանքի օրինակներից մեկը կարող է լինել ընդամենը երեք օր առաջ զորամասերից մեկում սրտի կաթվածի հետևանքով զինվորի մահը: