Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր է ընդունել, որոնցով նախատեսվում է սոցիալական միջոցառումների դեպքում՝ միանվագ օժանդակություն շահառուների որոշակի խմբերի:
168.am-ը տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձել է այս միջոցառումների արդյունավետության և համարժեքության խնդիրներին:
Տնտեսագետը մեզ հետ զրույցում չբացառեց ստեղծված տնտեսական և սոցիալական աննախադեպ իրավիճակի պայմաններում՝ ցանկացած աջակցության որոշակի դրական ազդեցությունը, սակայն բարձրաձայնեց դրանց հասցեականության, համարժեքության ու առաջնահերթությունների շուրջ իր մտահոգությունները:
Ըստ Թ. Ավետիսյանի՝ այս պահին այդ ծրագրերի բնույթը չպետք է լինի ընդլայնողական. «Հիմա չէ տնտեսության հակաճգնաժամային զարգացման ժամանակը, զարգացման համար ժամանակը գալու է: Ժամանակագրությունը չպիտի խառնվի, և առաջնահերթությունները չպիտի խառնվեն. ո՛չ անհրաժեշտ էր սկզբում այդքան մատների արանքով նայել համաճարակային այս վիճակին և դրա հնարավոր ազդեցություններին, և ո՛չ էլ հիմա պետք է առաջ ընկնել և մտածել, ասենք, զարգացման մասին: Հիմա ավելի շատ նպատակադրումը պիտի լինի կանխարգելումը և սպասվող վնասների առավելագույն նվազեցումը: Իսկ տնտեսական և սոցիալական վնասները կարող են նվազագույնի հասցվել, եթե առավելագույնը կիրառվեն կանխարգելիչ գործիքներ»:
Հարցին՝ արդյո՞ք ներդրված աջակցության ծրագրերը՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, համաֆինանսավորումը, մեկանգամյա օժանդակությունները միտված չեն մատնանշված խնդիրները լուծելուն, նա պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, համարժեք չեն: Գուցե ինչ-որ չափով էդ նպատակին ծառայեն, բայց մենք հիմա ինչ-որ չափի մասին չպետք է խոսենք, մենք պետք է խոսենք թիրախավորված աջակցության մասին, որովհետև մյուս կողմում էլ բյուջեի հնարավորություններն են, և դեռ պարզ չի՝ մենք որքան ժամանակ կմնանք այսպիսի վիճակում, և որքան ժամանակ հաղթահարված չի լինի կորոնավիրուսը՝ իր հետևանքներով:
Պետության աջակցությունները պետք է լինեն երկու հիմնական ուղղությամբ, որպեսզի աջակցեն տնտեսվարողներին նաև տարբերակված ու հասցեական, ըստ ոլորտների, որովհետև ոլորտներ կան որոնց աջակցության կարիքը բազմապատիկ ավելին է:
Պետությունն ուղղակի պիտի զիջի հարկերը ժամանակավորապես, ոչ թե պարտքով փող տա, որովհետև պարտքով փողը մնում է պարտքով փող, և տնտեսվարողը պետք է վերադարձնի, իսկ ապագայի նկատմամբ այսօր պայծառ գույներ չկան տնտեսվարողների մոտ, և պարտքով փող տալով՝ դու նրա սպասումներն ավելի դրականի չես փոխում, և, ի վերջո, մնում է նորից նրա մղումը դեպի սնանկացում, լուծարում, աշխատողների զանգվածային ազատում. Այս մղումը պետք է ապախթանվի՝ տնտեսական իրական պայմաններ ապահովելով։ Այլ կերպ ասած՝ պետությունը պիտի վերցնի այդ ծախսը:
Այսօր հարկադիր պարապուրդի համար երկու երրորդը պիտի վճարի գործատուն, պետությունը պետք է ասի, թե որ ճյուղերում որ մասն է ինքը վերցնում, և այսպիսի պարագայում իրավունք ունի նաև հորդորելու, որ մյուս մասը գործատուն վճարի, պետությունը նաև պարտավոր է գոնե հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հարկերը զրոյացնի՝ մինչև կորոնավիրուսի հաղթահարումը:
Եվ, վերջապես, ոչ թե արտոնյալ վարկեր և այլն, և այն էլ՝ զարգացման նպատակադրմամբ, որը դեռ հստակ չի:
Հակառակ պարագայում՝ կա առարկայական այն մտահոգությունը, որ, եթե երկարաձգվի այս իրավիճակը, սա ոչ թե օրերի, այլ ամիսների խնդիր կլինի, մենք կունենանք նաև զանգվածային ազատումների, հաստիքների կրճատման, ընդհուպ՝ մինչև կրճատման որոշումներ այն ոլորտներում, որոնք հատկապես բացասականորեն ազդվել են այս վիճակից (հատկապես արտահանմանը միտված ոլորտները, զբոսաշրջությունը, ոլորտներ, որոնք ներմուծման կոմպոնենտ ունեն):
Դրանք կլինեն շատ շոշափելի նաև սոցիալական հետևանքներով: Սպասել, որ մարդը դառնա գործազուրկ, ու իրեն մեկ ամսվա համար 100 հազար դրամ վճարես, սա չի կարող համարվել համարժեք մոտեցում, և կամ տաս պարտքով գումար, թեկուզ արտոնյալ, անտոկոս, և ասես՝ այդ տվածս գումարը ինձ հետ վճարիր՝ որպես հարկ, և իրականացրու սոցիալական ֆունկցիա, որը նաև պետության առաջնահերթ ֆունկցիան է, և վճարիր աշխատավարձեր հարկադիր պարապուրդի համար, սա նշանակում է՝ պետության ֆունկցիաների առանցքի կենտրոնը տեղափոխել գործատուների վրա, և սա երբեք չի կարող իրական արդյունք տալ շատ պարզ պատճառով՝ գործատու-բիզնեսմենն իր ռիսկով, ի վերջո, իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, և, եթե այստեղ համարժեքություն և բալանս չլինի, միանշանակ գործարարները և գործատուները գնալու են իրենց ծախսերը նվազեցնելու ճանապարհով, իսկ դա կբերի կոնկրետ սոցիալական հետևանքների, և մենք կունենանք գործազուրկների նոր բանակ, իսկ գործազրկությունից դեպի աղքատություն ընդամենը մեկ քայլ է»:
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ երկրում մինչև կորոնավիրուսն արդեն իսկ կար շուրջ 25 % աղքատություն և 20% պահպանվող գործազրկության մակարդակ. «Մեր աշխատողների մեծ մասը նույնիսկ աշխատող աղքատներ էին, որովհետև ցածր եկամուտների խնդիրը կար: Այս պարագայում անկանոն շարժումները՝ պետական աջակցության անվան տակ, կարող են ոչ թե խնդիր լուծել, այլ ավելի շատ խնդիրներ առաջացնել»:
Այս իրավիճակում, ըստ տնտեսագետի, սոցիալական և տնտեսական ծրագրերը չպետք է ունենան պոպուլիստական դրդապատճառներ, դրանք առավելապես պետք է ունենան նաև համարժեք բնույթ՝ ժամկետի առումով, ասել է թե՝ եթե արտակարգ իրավիճակը երկրում, պարզ չի՝ երբ է հաղթահարվելու, ապա այդ աջակցությունը մինչև հաղթահարումը պետք է լինի: