Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսական երաշխիքները ՄԻՊ-ի, կրթության և գիտության մասին օրենքների ողնաշարային կետերից է, որը այս կառավարությունը փորձում է վերացնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ խոսելով կառավարության երեկվա հակասահմանադրական, հակապետական, հակաազգային նախաձեռնության մասին, որով փակ նիստում որոշեց վերացնել ՄԻՊ-ի, կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքներով ամրագրված՝ ամեն հաջորդ տարի նախորդից ոչ պակաս ֆինանսավորվելու պահանջի դրույթը։
Փարձագետը համոզված է, որ, սա անելով, մենք կդառնանք լուսանցքային համայնք, ոչ թե պետություն։
Սերոբ Խաչատրյանը նշեց, որ կա միջազգային կոնկրետ երաշխիք, որ պետություններն իրենց ՀՆԱ-ի գոնե 3 տոկոսը պետք է տան կրթությանը․ 3 տոկոսից ցածրը անընդունելի թիվ է, որևէ շանս չի թողնում, այնինչ Հայաստանում այդ թիվը 2 տոկոսի սահմանում է։
Փաստորեն, կառավարությունը նոր որոշմամբ կանաչ լույս է վառում բոլոր նրանց համար, ով կմտադրվի ֆինանսավորումն այս կետից էլ իջեցնելու։ Այն դեպքում, որ կրճատումներ արդեն կան՝ կրթության ոլորտից գումարներ են հետ բերվում։
Այն պետությունները, որ կրթության և գիտության վրա փող են խնայում, ստիպված են լինելու փող ծախսել իրավապահ համակարգի վրա, քանի որ հանցագործություններն ավելանալու են՝ նկատեց Սերոբ Խաչատրյանը։
«Տեսեք, հիմա մի կողմից կրթության գումարները կրճատում են, մյուս կողմից ինչ-որ դատարաններ են ստեղծում, դատավորների թիվն են ավելացնում։ Այսինքն, փոխանակ մենք կրթության ու գիտության վրա ներդրում անենք, դաս քաղենք մեր անցյալի սխալներից․․․ եթե այսօր պակասեցնենք կրթության ու գիտության գումարը, նշանակում է՝ 10-20 տարի հետո ավելի շատ ոստիկան ու դատավոր պիտի ունենանք, որովհետև եթե երկրի կրթական ցենզը նվազեց, բնականաբար, արդեն հանցագործություններն են շատանալու»,-ասաց նա։
Այս ինստիտուտների ֆինանսական երաշխիքները վերացնելը փորձագետը վիրավորական է համարում։
Սերոբ Խաչատրյանի հիշեցրեց, որ 1999 թ-ին, երբ կրթության և գիտության օրենքներում այս կետերն ամրագրվում էին, մարդիկ բավական լուրջ պայքարեցին, որ այդպիսի կետ մտնի։
«Որովհետև այն ժամանակ էլ կրթության ֆինանսավորումը շատ ցածր էր և ամեն ինչ արեցին, որ գոնե օրենսդրական ճանապարհով կարողանան ապահովել կրթության համար ավելի լավ ֆինանավորւմ․ այդ կետը բավական մեծ պայքարի, և մարդկանց՝ կրթության հանդեպ լավ վերաբերմունքի արդյունք էր»,-ասաց նա։
Այսօր այդ կետը հանվում է, և դա նշանակում է, որ արդեն կարող է ՄԻՊ-ի, կրթության և գիտության՝ հաջորդ տարվա բյուջեն ավելի քիչ լինել, քան այս տարվանը, դրա համար օրենսդրական հող է նախապատրաստվում։
Գիտության ֆինանսական երաշխիքներին հարվածելը այս շրջանում, երբ ոչ միայն կորոնավիրուսի վտանգն է հնարավոր չեզոքացնել գիտության նվաճումների միջոցով, այլև պետության անվտանգության հարցերն են գիտական մշակումներ պահանջում, Սերոբ Խաչատրյանը վտանագվոր միտում է համարում։
«Կորոնավիրուսի ժամանակ տեսանք, որ ամբողջ աշխարհը կախված էր գիտությունից՝ և՛ հիվանդությունների բացահայտումը, և՛ վակցիաների ստեղծումը։ Ո՞վ էր տեսել, որ մի քանի ամսում աշխարհը կարողանա մի քանի հատ վակցինա ստեղծել․ զարգացած գիտություն ունեցող երկրները դա արեցին, և ահագին կյանքեր փրկվեցին։ Այս բաները պետք է հաշվի առնենք․ եթե մենք չունեցանք գիտություն, չունեցանք կրթություն, մենք լրիվ դուրս ենք մնում, դառնում ենք լուսանցքային համայնք, ոչ թե պետություն»,-ասաց փորձագետը։
Նա նկատեց, որ մեր քաղաքական համակարգը այս ամենը անում է, քանի որ մտածում է կարճաժամկետ, այնինչ կրթությունն ու գիտությունը պահանջում են երկարաժամկետ մտածողություն։
«Մեր իշխանություն մտածում է՝ մեկ է, ես 5-10 տարի եմ լինելու, ավելի կարևոր են կարճաժամկետ հարցերը, քան թե՝ ինչ կլինի 20 տարի հետո»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։
ՄԻՊ-ի ֆինանսական երաշխիքներին հարվածելը կրթության փորձագետը մասնագիտորեն վերլուծել չի կարող, բայց առանցքային է համարում, որ ՄԻՊ-ը նորմալ ֆինանսավորվի, քանի որ նկատում է, որ այդ ոլորտի մարդիկ մասնավոր սեկտորում հեշտությամբ կարող են գտնել բարձր վարձատրվող աշխատանք, շատ դժվար է ՄԻՊ-ում պահել բարձրորակ աշխատողների։ Սերոբ Խաչատրյանը վստահ է, որ այս հաստատության համար չպետք է խնդիրներ ստեղծենք, որովհետև դա ամենակարևոր օղակներից է Հայաստանում։
Աննա Բալյան