Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (Պ-280-10.06.2013-ՏՀ-010/0):
Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար սահմանին հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել 90-օրյա ժամկետով, եթե բացթողումից հետո 90-օրյա ժամկետում ապրանքների նկատմամբ չի իրականացվել ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք:
Կառավարության եզրակացության առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ` նշելով, որ պատգամավորի բարձրացրած հարցը, ըստ էության, համապատասխանում է կառավարության վարած քաղաքականությանը, եւ գտնվում է Արժութային հիմնադրամի հետ կառավարության վարած բանակցությունների օրակարգում: Սակայն այս հարցի լուծման գաղտնիքը, ըստ վարչապետի, այն է, որ կառավարությանն անհրաժեշտ է լինելու 90 միլիարդ դրամ:
«Որովհետեւ մինչեւ այն պահը, երբ մենք կարող ենք տնտեսությունից ԱԱՀ-ի հարկը հավաքագրել, կարող է տեւել 1-3 տարի: Բայց միանգամից մենք 90 միլիարդ եկամուտ չենք կարող հավաքագրել: Դրա համար, քաղաքական առումով, առաջարկը ճիշտ առաջարկ է, եւ բխում է նաեւ կառավարության ռազմավարությունից, եւ մենք պետք է հիմա տարիների ընթացքում` քայլ առ քայլ, այս խնդիրը լուծենք: Այս պահին մենք մերժում ենք, որովհետեւ ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, եւ մենք այն ծածկելու աղբյուրը չունենք: Բայց ապագայում այդ պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի այդ հայեցակարգը ներդնենք»,- պարզաբանեց Տիգրան Սարգսյանը:
Նույն`միջոցների բացակայության հիմնավորմամբ, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նաեւ Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեկ այլ նախագծի (Պ-279-10.06.2013-ՏՀ-010/0):
ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
Այս մյուս նախագծով էլ առաջարկվում էր ներմուծվող ապրանքների արժեքի 300 մլն դրամ նվազագույն սահմանաչափը փոխարինել 200 մլն դրամով: