կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 12:02
Առանց Կատեգորիա

Ոռոգման ջրի կարոտ Եղեգիսը

Ոռոգման ջրի կարոտ Եղեգիսը

Եղեգիս գետի հովտով դեպի վեր` Շատինի-Եղեգիս համայնքային ճանապարհը մեզ հասցրեց Եղեգիս գյուղ: Ճանապարհին նկատելի էին համանուն գետի վրա կառուցվող ՀԷԿ-ը, ինչպես նաեւ հովտում գործող քարհանքը, որի մասին եղեգիսցիները գիտեին, սակայն ոչ մեկին հայտնի չէր, թե ում է պատկանում հանքավայրը:

 

160 տնտեսություն ունեցող համայնքի 60 ընտանիքները գյուղում չեն ապրում եւ, ըստ գյուղացիների, դրանց մի մասը հովեկներ են, իսկ մյուսների դռները փակ էին, քանի որ տան մեծերի մահից հետո երիտասարդները արդեն չեն ապրում գյուղում:

 

Գյուղի հիմնադրման նույնիսկ մոտավոր տարեթիվը ոչ մեկին հայտնի չէր: Այդ մասին ոչինչ չեն հայտնում նաեւ պատմական աղբյուրները, սակայն նշվում է, որ դեռ 13-րդ դարում այստեղ ապրել են նաեւ հրեաններ, եւ գյուղում մինչ օրս պահպանվում է այդ դարաշրջանի հրեական գերեզմանատունը: Սա է երևի պատճառը, որ Եղեգիսը տարվա ընթացքում աշխարհի բոլոր կողմերից զբոսաշրջիկներ է ընդունում, իսկ դրանց մեծ մասը հենց հրեաներն են:

 

Ինչեւէ, 1988-90թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եւ Նախիջեւանից բռնի տեղահանված հայ ընտանիքներով, ովքեր գյուղի Ալայազ անվանումը փոխարինել են պատմական Եղեգիս անվամբ:

 

Ընկույզի ծառի տակ հավաքված կանանց բարեւելուց հետո, երբ հարցրի՝ ի՞նչ եք անում, նրանք ժպտալով պատասխանեցին. «Նստել ենք ու սպասում, որ մի հատ պոպոկ ընկնի, ջարդենք»: Տիկին Ռոզան (70 տարեկան), որ բռնագաղթել էր Նորաշենից (Նախիջեւան) պատմում էր, որ առաջին տարիներին նորմալ են ապրել. «Ջուր կար, ցանում էինք, հավաքում էինք եւ ապրում էինք: Իսկ հիմա մի ջուր ունեինք, էն էլ մեզանից կտրեցին ու չեն տալիս, ասում են՝ մի խորանարդ մետրի համար 11 դրամ մուծեք եւ վերցրեք: Բայց, որ էդ գումարը ես չունեմ, ինչ անեմ` ծառերս չորանա՞ն: Էդ ջուրը գնում, հասնում է Նորաշեն, Նորաշենը, Նախիջևանը լիանում է, իսկ մենք, ջրին մոտ, չենք կարողանում օգտվել: Թուրքը օգտվում է մեր ջրից, իսկ մեզ վրա ծախում են»:

 

Հայկուհին, շարունակելով Ռոզայի խոսքը, նշեց, որ Եղեգիսում խնդիրները շատ են: Ոռոգման ջուր չլինելու պատճառն էլ, ըստ Հայկուհու, եղել է սողանքը, որ քանդել է մայր ջրանցքը:

 

«Գետը տեսնո՞ւմ եք, մեր քթի տակից գնում է, բայց ամբողջ տարին մեզ ոռոգման ջուր չտվին: Սելավի եւ սողանքի պատճառով քանդվեց մեր ինքնահոս համակարգը, իսկ հիմա ո՛չ տրուբա են տալիս, ո՛չ էլ գյուղապետարանի ուժն է հերիքում, որ կառուցի: Չորս հատ տրուբա չունի էս իշխանությունը, որ օգնի ջուր ունենանք»,- ասում էր 80-ամյա Վարդազարը եւ շարունակում, որ իրենք կարող են գետից ջուր վերցնել եւ այգիներ ջրել, սակայն «գետից վերցրել են ու «Խանջյան» առվով տարել եւ ներքևի 6 գյուղերն են ապահովել, իսկ մեզ պարտադրում են, որ մտնենք ՋՕԸ-ի մեջ եւ ջուրը առնենք»:

 

Գյուղում բերքն այս տարի լավ չի եղել, իսկ գյուղացիները պնդում էին, որ վերջին մի քանի տարիներին վիճակը նույնն է: «Եթե մի գյուղում պոմիդորը, կանաչեղենը առնովի լինի, ոնց պիտի լինենք: Ամեն ինչն էլ առնում ենք: Պատկերացնում ես, ես գնում եմ թթվի համար դես-դեն եմ ընկնում, առնում, որ բերեմ ձմռան համար թթու դնեմ, որ երեխես ուտի: Ես էլ կարամ ցանեմ, բայց որ ջուր չկա, հետո ի՞նչ եմ անելու»,- ասում էր տիկին Ռոզան:

 

Իսկ ահա Հայկուհին, հակադարձելով 70-ամյա կնոջը, պնդում էր, որ իրենք էլ են մի քիչ մեղավոր, աշխատասեր չեն, «բայց եւ այնպես, չի կարելի գյուղին անտեսել»: Եղեգիսում զրուցակիցներս հայտնեցին, որ իրենց գյուղից միգրացիան արդեն եղել ու պրծել է. «Բոլորի տղամարդիկ էլ գնում են: Նստած տեղներս որ չենք կարում ապրենք, բա չգնա՞ն: Բոլորի տղամարդիկ էլ գնում են, որ աշխատեն, թե չէ հնար չկա: Մեկի մոտ լավ է ստացվում, մեկը քաշված է հետ գալիս»:

 

Ամուսնություններ այս գյուղում նույնպես քիչ են գրանցվում, չնայած դրան, այս տարի արդեն 4 երեխա է ծնվել: «Բայց, երբ գա էդ երեխու դպրոց գնալու ժամանակը, երեւի ոչ մեկն էլ էս գյուղում չմնա: Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխայի համար լավ ապագա կառուցեն»,- ասաց տիկին Ռոզան:

 

Անասնապահությունով զբաղվող Վարդազար պապը հայտնեց, որ չնայած գյուղի արոտները եւ խոտհարքերը գյուղից հեռու են մոտ 20 կմ, սակայն անասուն են պահում, որ կարողանան ապրել: «Անասուն էլ, որ պահում ենք, դա էլ օգուտ չի: Մի քանի հոգի են պահում, որովհետեւ այսօր կաթ ու մածուն առնելը ավելի էժան է, քան թե կով պահելը»,- ասացին եղեգիսցիները: «Էսպես էլ ապրում ենք: Տելեվիզորով հա ասում են՝ ժողովուրդը լավ է, լավ է, դե թող գան իմ լավը իրենց տամ: Էսօրվա օրը հաց չենք ճարում՝ ուտենք: Չեն ասում, որ կոտորվում ենք»,- ասաց Ռոզա տատը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ