կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 23:44
Տնտեսական

Կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ

Կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

 Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի միջև:

 «Արդեն կարող ենք  հայտարարել  ծրագրերի մեկնարկի մասին: Հաջորդ քայլով  կապալառու ընկերությունները համապատասխան բանկերի հետ պայմանագրեր են կնքելու, որից հետո շահառուները բանկեր կարող են ներկայացնել ծրագրերի մասնակցության հայտերը»,-նշել է Աշոտ Հարությունյանը:

 Փոխնախարարը հավելել է, որ  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պտղատու այգիներ այսօր Հայաստանում շատ չկան,  և նման ծրագրերի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան զբաղվել մրցունակ գյուղատնտեսությամբ:

 «Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչև 50 տոկոս խնայողություն ունենալ»,-ասել է Հարությունյանը:

 Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

«Մենք ունենք մասնաճյուղերի մեծ ցանց ՀՀ ամբողջ տարածքում և պատրաստվում ենք գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել նոր ծրագրերի մասին, կարծում են նույնիսկ բոլորն արդեն տեղյակ էին այս  մասին և սպասում էին մեկնարկին»,-նշել է Նորիկ Նազարյանը:

 «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը նշել է, որ թեև բանկը գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն ցանկություն ունեն մասնակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք միտված են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

 Վահե Հարությունյանն իր հերթին հույս է հայտնել, որ  առաջիկայում կավելանա ծրագրերի շրջանակում համագործակցել ցանկացող ֆինանսական կառույցների ցանկը, ինչն իր հերթին առավել հասանելի կդարձնի ծրագրերի համար դիմելու գործընթացը:

  «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում»  ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

 «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման  համար տրամադրվելու են մինչև 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

 «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի  շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով: