կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 11:44
Առանց Կատեգորիա

Ալիեւը գերազանցեց ինքն իրեն

Ալիեւը գերազանցեց ինքն իրեն

Ամեն անգամ, երբ Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում կամ հարցազրույց է տալիս, թվում է, թե իր իսկ ստերը գերազանցելու հնարավորություն այլեւս չունի, դրանք հասել են գագաթնակետին, սակայն նրան հաջողվում է ամեն նոր ելույթում կամ հարցազրույցում սեփական ռեկորդը գերազանցել եւ ավելի մեծ ստեր ասել. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիեւի` Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցին` ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

Մեկնաբանելով Ալիեւի հարցազրույցի այն հատվածը, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է եւ անգամ «Ղարաբաղ» բառն ադրբեջանական է, քաղաքագետը նշեց, որ իզուր է Իլհամ Ալիեւը կարծում, թե արաբական հեռուստաալիքի լրագրողը չգիտի պատմությունը եւ տեղյակ չէ, թե երբ են թուրքերը հայտնվել այս տարածաշրջանում եւ փոխել տեղանունները:


Քաղաքագետի դիտարկմամբ` այն արտահայտությունը, որ ադրբեջանցիները դուրս են հանվել ոչ միայն ԼՂ-ից, այլ նաեւ 7 շրջաններից, նույնպես ամենամեծ սուտն է, քանի որ հայերն ապրել են այնտեղ մինչեւ 1918թ., եւ հնարավոր չէ, որ Ալիեւը դա չիմանա:

 

Լրագրողի` թե ինչքա՞ն զոհ է Ադրբեջանն ունեցել պատերազմի ժամանակ հարցին Ալիեւի պատասխանը` մահացել կամ անհետ կորել է 12-15 հազար մարդ, ըստ քաղաքագետի, անմարդկային եւ անխիղճ պատասխան է. «Դա ո'չ երկրի նախագահի, ո'չ էլ մարդու պատասխան է: Ադրբեջանն ունեցել է 37,5 հազար զոհ: Հիմա, որ այդպիսի թվեր է ասում, պետք է պատասխան տա մնացած 25 հազար զոհվածների հարազատների առաջ»:

 

Ինչ վերաբերում է շփման գծում լարվածության համար հայերին ուղղված մեղադրանքներին, ապա, Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Ալիեւը նման իրավունք չունի, որովհետեւ դա հակասում է Ադրբեջանի քարոզչությանը, թե «մենք շատ զենք ունենք, մենք շատ փող ունենք, մեր ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեն գերազանցել է» եւ այլն. նման պայմաններում պատերազմ հրահրում է ուժեղը, ոչ թե թույլը:

 

Ամփոփելով` քաղաքագետը նշեց, որ բացել է Al Jazeera-ի կայքը, որտեղ տեղադրված է հարցազրույցի տեսագրությունը, ինչպես նաեւ ծանոթացել է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հարցազրույցի սղագրությանը. այնտեղ կան հարցեր եւ պատասխաններ, որոնք իրականում հարցազրույցի ժամանակ չեն հնչել:

 

Ի դեպ, yerkir.am-ի հետ զրույցում Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նամակով դիմել է արաբական հեռուստաընկերությանը, որում մեկ առ մեկ հիշատակել է Ադրբեջանի նախագահի պատասխաններում հնչած ստերն ու կեղծիքները: