Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը գրում է․
«Ցավոք պարետատունը հերթական անգամ գնում է սխալ ճանապարհով. փոխարենը օրեցօր ահագնացող համաճարակի դեմ պայքարի, հստակ ռազմավարություն մշակի և առաջնորդվի այդ ռազմավարությամբ, անհասկանալի պատճառներով շարունակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Ես անկեղծորեն զարմացած եմ պարետատան որոշումների տրամաբանությունից, մի՞թե այդ թիմում չկա մեկը, ով կբարձրաձայնի, որ պարետատան սխալ որոշումների և սխալ մարտավարության պատճառով համավարակի տարածման շղթաներն օրեցօր ավելանում են և դեռ շարունակելու են ավելանալ:
Պարետատունը որոշում է կայացրել, համաձայն որի՝ այսօրվանից հանրային վայրերում և առհասարակտակ տնից դուրս գալուց պարտադիր դիմակ կրելուց բացի, ՀՀ-ում բնակվող քաղաքացին պետք է իր մոտ ունենա նաև անձը հաստատող փաստաթուղթ: Անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայությունը պարետատունը հիմնավորում է նրանով, որ այս դեպքում ոստիկանի գործը ավելի կհեշտանա, քանի որ այն քաղաքացիները, որոնք հանրային վայրերում են գտնվում առանց դիմակի, անձնագիր ունենալու դեպքում բերման չեն ենթարկվի և տեղում կտուգանվեն 10 000 ՀՀ Դրամի չափով: Իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ քաղաքացին կտուգանվի ևս 10 000 ՀՀ Դրամ: Լավ, մի՞թե կարելի է նման անգրագետ որոշում կայացնել և մարդկանց խաբել, թե իբր պայքարում ենք համաճարակի տարածման դեմ:
Հարգելի՛ պարետատան անդամներ, եթե դուք մինչև այսօր չեք կարողացել այնպիսի ռազմավարություն մշակել, որը կստիպեր քաղաքացուն տանից դուրս գալուց դիմակ կրել, ապա կարելի է եզրակացնել, որ դուք անկարող եք մեծ խնդիրներ լուծել:
Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ քաղաքացին, համաձայն պարետի որոշման, անձնագիրը միշտ պահի իր մոտ, իսկ պարետի մեկ այլ որոշմամբ դիմակ չկրի: Այս որոշումը դուք կայացրել եք այն քաղաքացիների համար, ովքեր մինչ այսօր դիմակ չկրելու պատճառով տուգանվել են 10 000 -ական դրամներով և այսուհետ տուգանվելու են արդեն 20 000 -ական ՀՀ Դրամով: Իսկ այն քաղաքացիները, ովքեր գիտակցել և գիտակցում են դիմակ կրելու կարևորությունը և պարտադիր կրում են այն, ինչպես նաև հարգում են գործող կանոնները, և, կամ, խուսափում են տուգանվելուց, այսուհետ տանից դուրս են գալու նաև անձը հաստատող փաստաթղթով, որը, սակայն նրանց չի ապահովագրելու վարակվելու հնարավոր վտանգներից:
Իմ խորին համոզմամբ, պարետատունը պետք է այնպիսի որոշումներ կայացնի և այնպիսի ռազմավարություն մշակի, համաձայն որի՝ մարդկանց այն շրջանակները, որոնք չեն ենթարկվում պարետատան որոշումներին, պարտադրված լինեն ենթարկվել: Ձեր անլուրջ վերաբերմունքի պատճառով օրեցօր ունենում ենք վարակակիրների թվի անհամեմատ աճ և բազմաթիվ մահեր, որի ամբողջական պատասխանատվությունը կրելու եք դուք:
Այսօրվա դրությամբ վարակի տարածման ցուցանիշներով մենք անցել ենք այն երկրներին, որոնք կորոնավիրուսի կանխարգելման դեմ ոչինչ չեն ձեռնարկել. օրինակ՝ Բելարուսիան: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն միլիարդներ է ծախսել համաճարակի դեմ պայքարում:
Լրջացե՛ք վերջապես, այնպիսի որոշումներ կայացրեք, որոնք ընկալելի կլինեն քաղաքացինների համար և կունենան այնպիսի վերահսկողական վերաբերմունք, որ մարդիկ պարտադրված կլինեն ենթարկվել դրանց»։