կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 15:10
Քաղաքական

Ո՞րն է Հայաստանի առաքելությունը և գոյության իմաստը. Նիկոլը գերազանցեց ուսուցչին. 7 or.am

Ո՞րն է Հայաստանի առաքելությունը և գոյության իմաստը. Նիկոլը գերազանցեց ուսուցչին. 7 or.am

7or.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը ծնվել է Ղարաբաղյան շարժումից: ՀՀ անկախության հռչակագրում նշվում է մեր պետության առաքելությունն ու գոյության իմաստը:

 ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում նշված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

 ՀՌՉԱԿՈւՄ Է

 անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը ... »:

 Նախաբանից պարզ է դառնում, որ ՀՀ-ն ստեղծվել է Արցախին տեր կանգնելու առաքելությամբ, պատասխանատվությամբ ու հանձնառությամբ:

 Զուտ մարտավարական առումով 1988-ին հնչած «Միացում» կարգախոսի կյանքի կոչումը հնարավոր էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անկախության միջազգային ճանաչման, ապա ՀՀ-ի հետ միավորման ճանապարհով: Այս հաջորդականությունն էր միջազգային լեգիտիմություն տալու մեր գործողություններին: 2007-ին միջազգային հանրության կողմից ընդունված Մադրիդյան սկզբունքները մեծ քայլ էր այդ ուղղությամբ: Մադրիդյան սկզբունքներով հնարավոր եղավ հետ պտտեցնել տխրահռչակ փուլային տարբերակը, որի արյունոտ ենթատարբերակն առաջ բերեց Նիկոլ Փաշինյանը:

 ՀՀ անկախության հռչակագրի դեմ դուրս եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց մերժվեց և հեռացվեց 1998-ին:

 Հիմա նույնն անում է Նիկոլ Փաշինյանը՝ բաց տեքստով հայտարարելով, որ ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Սա պետական դավաճանություն է: Դավաճանություն ՀՀ անկախության հռչակագրին:

 Նիկոլն իր դիրքորոշմամբ իմաստազրկում է ՀՀ-ն ու այն դարձնում տարածք, ավելի ճիշտ՝ միջանցք թուրք-ադրբեջանական զույգի համար:

 Եթե Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա ո՞րն է ՀՀ-ի գոյության իմաստը: Նիկոլն ասում է, որ Արցախը հանձնելով կարելի է խուսափել պատերազմից ու պահել Հայաստանը, բայց դա բլեֆ է: Բլեֆ, որը հենց ինքը Նիկոլն է հաստատում՝ խոսելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին: Բայց այդուհանդերձ նա գնում է այդ բլեֆի ճանապարհով, քանզի հանձնելու դիմաց ակնկալում է աջակցություն Թուրքիայից ու Ադրբեջանից՝ իր իշխանական աթոռը պահելու հարցում:

 Նիկոլն ասում է, որ եթե արցախահայության իրավունքները երաշխավորվեն ու ապահովվի արցախահայության անվտանգությունը, ապա կարելի է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Ինքը ձևավորվել է Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան քիրվայամետ զույգի մտածողության միջավայրում ու համոզված է, որ Արցախը բեռ է, որից պետք է ազատվել:

 1998-ին մեր գոյաբանական խնդիրը լուծվեց իշխանափոխությամբ: Հիմա մի փոքր այլ ժամանակներ են: Իշխանության ներսում չկա Վազգեն Սարգսյան, Արցախում նախագահ է նշանակված Արայիկ Հարությունյանը:

 1998-ին մենք հաղթանակած բանակ ունեինք, իսկ հիմա Նիկոլը ոչնչացրել է հայկական բանակը և հետևողականորեն կատարում է Ալիևի հրահանգները՝ քայլեր չանել Հայոց բանակի վերականգնման ուղղությամբ:

 Հիմա Նիկոլը քանդել ու վախեցրել է մեր հանրությանը: 1998-ին այդ վիճակը չէր:

 Այն ինչ չհաջողվեց անել Լևոն Տեր-Պետրոսյանին, անում է Նիկոլը: Պատերազմը, պարտությունն ու հսկայական զոհերն օգնում են նրան՝ թուրք-ադրբեջանական օրակարգն առաջ տանելու հարցում: Աշակերտը գերազանցեց ուսուցչին իր ցինիզմով, քիրվայությամբ ու հակապետական մտածելակերպով:

 Եթե մեր ժողովուրդը և քաղաքական ուժերը հանդուրժեն Նիկոլի այս քաղաքականությունը, ապա շատ կարճ ժամանակահատվածում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը կկորցնենք, քանզի գոյության իմաստից ու առաքելությունից զրկված պետությունները վերանում են:

 Առայժմ ժամանակ կա կործանարար ընթացքը կանգնեցնելու: Հետո ուշ կլինի...»: