կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 12:24
Մշակույթ

Յաննին համերգի ժամանակ հայերեն էր խոսում

Յաննին համերգի ժամանակ հայերեն էր խոսում

«Բարեւ Երեւան, ես շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ»,- ահա այն տեքստը, որ հանրահայտ երաժիշտ Յաննին հայերեն էր սովորել եւ որով էլ սկսեց համերգը:

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ Յաննիի` «Երաժշտություն, որը հուզում է ողջ աշխարհը» խորագրով համերգը, որը թեեւ, սովորության համաձայն, կես ժամ ուշացումով սկսվեց, բայց ոչինչ չխանգարեց, որ համերգն անցնի ոչ սովորականի պես:

 

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես նոր, այնպես էլ հին ու սիրված երաժշտություններ` «The end of October», «One man's dream», «Storm»...

 

Առաջին երկու ստեղծագործությունից հետո, երբ դահլիճի լույսերը վառվեցին, հանդիսատեսը չգիտես ինչու սկսեց աթոռներով այս ու այն կողմ շարժվել, եւ դա այնքան ժամանակ, մինչեւ Յաննին անձամբ խնդրեց շարժը դադարեցնել, որպեսզի համերգը շարունակվի: Սակայն դա նույնպես չազդեց ո'չ համերգի ընթացքի, ո'չ էլ երաժշտի տրամադրության վրա: Ավելին, Յաննին հուզվում էր. «Ես գիտեմ, որ դժվար ժամանակներ են հիմա, եւ ցանկանում եմ, որ գոնե այս երեկոյի ընթացքում մի պահ կտրվեք ձեր առօրյա հոգսերից: Ես ցանկանում եմ խաղաղություն եւ ուժ փոխանցել ձեզ եւ ձեր հոգիներին»:

 

Յուրաքանչյուր կատարումից հետո դահլիճը թնդում էր ծափահարություններից` այնպես, որ երաժիշտը 1-2 րոպե ստիպված դադար էր տալիս` հանդիսատեսին իր խոսքերով հանգստացնելու համար:

 

«Մի մոռացեք ձեր երազանքները եւ մի հրաժարվեք դրանցից: Ես ուզում եմ ձեզ խորհելու առիթ տալ. կյանքը կարճ է»,- ասաց Յաննին` հավելելով, որ ինքը ծանոթ է հայ մշակույթին եւ կարծում է, որ հիանալի ու հետաքրքիր մշակույթ ունենք, ինչպես նաեւ` հրաշք ժողովուրդ:

 

Գաղտնիք չէ, որ Յաննին լավատես է, բայց, ինչպես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երաժիշտը, իր համար բավական չէ, որ ինքը լավատես է. «Ուզում եմ, որ բոլորը լավատես լինեն եւ շատ մտածեն: Դա մարդկանց ճիշտ ճանապարհով կտանի»:

 

Յաննին Հայաստան էր եկել իր նվագախմբի հետ, որի կազմում է նաեւ հայազգի ջութակահար Սամվել Երվինյանը, ում Յաննին իր եղբայրն է համարում:

 

Յաննի հետ Հայաստան են եկել` Վիկտոր Էսպինոլան /տավիղ/, Մերի Սիմսոնը /ջութակ/, Ջեյմս Մատոսը /ֆրանսիական տավիղ/, Դանա Տեբոն /տրոմբոն/, Բենեդիկտ Բրայդերնը /ջութակ/, Յոել Դել Սոլը /հարվածային գործիքներ/, Սառա Օբռեյնը /թավջութակ/, Մինգ Ֆրիմանը /ստեղնաշարային գործիքներ/, Ջեյսոն Քարդերը /շեփոր/, Գաբրիել Վիվասը /բաս/, Չառլի Ադամսը /թմբուկ/ Ալեքսանդր Զիրովը /թավջութակ/ եւ աշխարհահռչակ մենակատարներ Լիզա Լավինն ու Լորեն Յելենցովիչը:

 

«Ամեն ինչ ծնվում է մեկի գլխում, բայց եթե մեկն ունակ է ինչ-որ բանի ծնունդ տալու, ուրեմն ես էլ, դուք էլ կարող եք դա անել»,- իր խոսքը եզրափակեց Յաննին, որին հանդիսատեսը չթողեց համերգն ավարտել նախատեսված ժամին` համոզելով եւս 2 ստեղծագործություն կատարել:

 

Նշենք, որ Յաննին ներկայումս աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, որում ընդգրկված կլինի 14 կատարում, իսկ հայաստանյան համերգից հետո նվագախումբը կմեկնի Չինաստան, Սինգապուր, Դուբայ եւ Մոսկվա:

 

Ի դեպ, նշենք նաեւ, որ երեկ կայացել է նաեւ Յաննի հանդիպումը լրագրողների հետ, սակայն համերգի կազմակերպիչ Invitro Production & VT Entertainment պրոդյուսերական ընկերությունը, չգիտես ինչու, որոշել է սահմանափակ քանակով լրատվամիջոցների տեղեկացնել այդ մասին: Ինչեւիցե, խմբագրությունը Invitro Production & VT Entertainment-ին մաղթում է, ինչպես երաժիշտն ասաց, խորհել, քանի որ կյանքը կարճ է...