Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խուլիո Իգլեսիասն ու Յաննին այս տարի մենահամերգներ կունենան Հայաստանում, եւ նրանք այս տարի Հայաստան այցելող միակ հայտնի դեմքերը չեն լինելու: Նախագծերի պրոդյուսեր Արման Ծատուրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ծրագրում են Հայաստան հրավիրել նաեւ Մարկ Էնթոնիին, Սթինգին: Ծատուրյանը համարում է, որ վերջին 20 տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել մեր շոու-բիզնեսում, եւ, ի տարբերություն մի շարք այլ երկրների, դրսում մեր հրավերներին սկսել են «ավելի լուրջ» վերաբերվել:
-Պարո'ն Ծատուրյան, ինչպե՞ս է հաջողվում նման հայտնի դեմքերի Հայաստան բերել:
-Օրինակ, ի տարբերություն Վրաստանի, մեզ մոտ շոու-բիզնեսն ավելի զարգացած է: Ամենակարեւորն այն է, որ մենք ունենք Մարզահամերգային համալիր, իսկ Վրաստանը չունի. այնտեղ ամենամեծ դահլիճը 2000 տեղանոց է, բայց մեգաաստղերի պարագայում դահլիճը մեծ կապ ունի: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մեզ մոտ պետությունը չի փորձում այնքան էլ շատ խառնվել շոու-բիզնեսի անցուդարձի մեջ, ինչը նպաստում է, որ մենք ունենանք զարգացած շուկա, իսկ Վրաստանում պետությունը գումար է տալիս, բերում որեւէ աստղի, իսկ ժողովուրդը սովորում է անվճար գնալ համերգներին: Իսկ դա շատ վատ է, քանի որ, տոմս գնելով, դու նպաստում ես հաջորդ երգչի` քո երկիր գալուն:
-Որքանո՞վ է նախագիծը ձեռնտու Ձեզ` որպես պրոդյուսերի:
-Մեզ մոտ ամենամեծ խնդիրը հարկային բեռն է: Ես կառաջարկեի փոփոխություններ կատարել հարկային դաշտում, որ շոու-բիզնեսն ուրիշ տարբերակով հարկվեր, քանի որ համերգների համար մենք ստիպված ենք լինում վճարել թե՛ ԱԱՀ եւ թե՛ հոնորարի համար: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ում դու միայն եկամտահարկ ես վճարում, հոնորարի համար ոչինչ չեն գանձում: Պետք է հաշվի առնել, որ շոու-բիզնեսը ռիսկային գոտի է, քանի որ դու չգիտես, թե ինչ հաջողության կհասնես, եւ արդյոք տոմսերը կսպառվե՞ն ամբողջությամբ:
-Ի՞նչ գործեր են հնչելու Յաննիի համերգին, եւ հնարավո՞ր է համագործակցություն հայ երաժիշտների հետ:
-Համերգին կհնչեն Յաննիի հին ու սիրված գործերից, սակայն նոր ստեղածգործություններ էլ կլինեն: Յաննին նաեւ ստեղծագործություններ ունի, որոնք նաեւ երգում են: Նման 2-3 գործ նույնպես ընդգրկվել է ծրագրում: Ինչ վերաբերում է հայ երաժիշտների հետ համագործակցելուն` այո, արդեն դիմել ենք հայ երաժիշտներից մեկին, որ ազգային գործիքներից մեկի վրա է նվագում, սակայն դեռ սպասում ենք պատասխանի:
-Արդյո՞ք Յաննիին կրկին Հայաստան հրավիրելու համար հիմք հանդիսացավ այն փաստը, որ նրա նախորդ համերգին /2011-ին/ դահլիճը լեփ-լեցուն էր:
-Այո, Յաննիին Հայաստանում սիրում են: Հայերը նաեւ գործիքային երաժշտություն են սիրում եւ Յաննիի ոճը` դասականին շատ մոտ: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Յաննիի նվագախմբում աշխարհահռչակ երաժիշտներ են նվագում, որոնց նույնպես Հայաստանում սիրում են:
-Խուլիո Իգլեսիասը, կարծես, առաջին անգամ է, չէ՞, Հայաստանում:
-Այո, նա առաջին անգամ է Հայաստանում, բայց նա շատ բան գիտի Հայաստանի մասին, քանի որ մի շարք հայ ընկերներ ունի: Հիշում եմ` դեռ փոքր էի, եւ առաջին անգամ Խուլիո Իգլեսիասը Մոսկվայում պետք է համերգ տար: Տոմսերից մեկը շահող էր եւ այն գնողը /իգական սեռի ներկայացուցիչ/ պետք է ռոմանտիկ ընթրիքի գնար Իգլեսիասի հետ: Դուք չեք պատկերացնի, թե ի՞նչ էր կատարվում այնտեղ: Հերթեր էին` տոմս գնելու համար:
-Որքա՞ն է լինելու տոմսերի գինը եւ արդյո՞ք այն հասու կլինի յուրաքանչյուրին:
-Իհարկե, երկու համերգների տոմսերի գինը կսկսվի 5000 դրամից: Նախորդ անգամ Յաննի համերգի պրոդյուսերը կրկին ես էի, եւ տոմսերի գինը կրկին 5000 դրամից էին սկսվում: Մարդիկ, ովքեր զբաղվում են պրոդյուսերինգով, միանգամից մեկ-երկու համերգով չեն հարստանում, նման բան կարող են անել նրանք, ովքեր նախկինում զբաղվել են երշիկի վաճառքով, կան նման մարդիկ, որ լսել են շոու-բիզնեսի մասին եւ մտածում են` մեկ համերգով կարելի է հարստանալ:
-Ձեր նախագծերից կարելի՞ է այս երկուսը համարել այս տարվա ամենախոշորները:
-Դեռ ոչ, քանի որ սրանով չենք սահմանափակվելու: Այս տարի ծրագրում ենք Հայաստան հրավիրել նաեւ Մարկ Էնթոնիին եւ Սթինգին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ