Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենակ լեզուն չէ, շուտով դրամն էլ ռուբլի է դառնալու, մայրաքաղաքը՝ վաղուց Մոսկվան է, նախագահը՝ Պուտինը, Ղրիմն էլ մերն է, եւ, առհասարակ անծայրածիր երկիր ենք, մի ամբողջ ռուսաստանյան դաշնություն: Զարմանո՞ւմ եք, գուցե` ծիծաղո՞ւմ, բայց որոշ մարդիկ բավական լուրջ տոնով ասում են, որ շուտով ռուսերենը դառնալու է ՀՀ երկրորդ պետական լեզուն, եթե, իհարկե, ժամանակի ընթացքում չցանկանա հայերենը դարձնել երկրորդ պետականը, ինքը դառնալով՝ առաջինը: Հիմք էլ ունեն` ՌԴ ԱԳՆ-ից օրերս հայտարարեցին, որ հետխորհրդային երկրներում ռուսաց լեզվին պետք է տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Ճիշտ է, իրականում ՌԴ ԱԳՆ-ից ոչ թե այսպես են ասել, այլ պարզապես նշել են, որ հետխորհրդային երկրներում պետք է զգալիորեն բարձրացվի ռուսաց լեզվի իմացության մակարդակը, բայց դե մենք հո գիտենք` «փչացած հեռախոսն» ինչ է, մանուկ ժամանակ գոնե մեկ անգամ խաղացել ենք: Ընդ որում` ՌԴ ԱԳՆ-ն, եթե անգամ ասի էլ, որ ռուսաց լեզուն հետխորհրդային երկրներում պետք է պետական կարգավիճակ ստանա, հա` ի՞նչ, թող ասի, կամ պարզ չէ՞, որ կայսերական նկրտումներով տառապող ռուսաստանյան իշխանական վերնախավը նման բան կարող է ասել, կասի եւ հետամուտ կլինի: Մենք համաձայն ե՞նք, մենք ինքնիշխան չե՞նք, կոնկրետ Հայաստանի տարածքում ռուսների, գերմանացիների, ֆրանսիացիների, անգլիացիների լեզվի մակարդակը մենք չե՞նք բարձրացնողը կամ որոշողը: Եթե` ոչ, ապա եկեք փակենք երկիրը եւ «Ղրիմը մերն է» պաստառներով ազգովի գնանք Կրասնոդարի երկրամաս` հա'մ ծով կա, հա'մ էլ հողն է բերրի, հա'մ էլ մեր բարեկամ-հարազատ-հարեւաններն են վաղուց այնտեղ: Եթե` ոչ, ուրեմն բերեք թարգենք այս ինքնախարազանումը:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն արդեն չեմ հիշում քանի անգամ, բայց հաստատ հիշում եմ երկու օրվա ընթացքում պարզ, հստակ հայտարարեց, որ Հայաստանում ռուսաց կամ որեւէ այլ/հայերենից բացի/ լեզվին պետական կարգավիճակ տալու ո'չ հիմք կա, ո'չ անհրաժեշտություն, ո'չ ցանկություն, ո'չ էլ իմաստ: Խնդիրը ռուսաց եւ այլ օտար, շեշտում եմ՝ օտար լեզուների իմացության մակարդակի զգալի բարձացումն է մեր երկրում: Օրինակ` եթե քաղաքացի Բաբկենը ցանկանում է ռուսաց լեզու սովորել, բնագրով ռուսական հիանալի գրականություն կարդալ կամ` մասնագիտական, ենթադրենք` բժշկական գրականություն, որը, ի դեպ, բացառապես ռուսերենով է հնարավոր կարդալ Հայաստանում, ապա պարտադիր չէ, որ Բաբկենն ամուսնանա ռուս աղջկա հետ: Կարելի է խորացնել երկրում ռուսաց եւ այլ օտար լեզուների ուսուցման մակարդակը, դրանով էլ՝ իմացության մակարդակը, եւ Բաբկենը, եթե ընդունակություններ ունի, կսովորի, եթե չունի, ռուսի հետ ամուսնանալն էլ նրան չի փրկի: Նախադեպը կա, հաստատ գիտեմ:
Ուրեմն ո՞րն է խնդիրը, տիկնա'յք եւ պարոնա'յք: Լոսի կեսն է արդեն հայերեն խոսում, դուք ինչի՞ց եք վախենում, նույն Ռուսաստանում այսօր շուրջ մեկ միլիոն, եթե ոչ ավելի մարդ հայերեն է խոսում, ավելի շատերը չեն խոսում, բայց հասկանում են, ի՞նչ խնդիր կա: Ասեմ` խնդիրը հայերենի իմացության մակարդակն է Հայաստանում: Ցածր է, ես հասկանում եմ, որ ոչ մի հայաստանյան գործատու աշխատանքի ընդունելիս չի ճշտում հայերենի իմացությունը, փոխարենը ճշտում է օտար լեզուների իմացությունը, հետեւաբար` Հայաստանում աշխատելու համար, օրինակ` հավաքարար, անհրաժեշտ է գոնե մեկ օտար լեզու իմանալ, հայերենը՝ ոչինչ, բայց, մարդի'կ, չէ՞ որ հայերենը մեզ պետք է՝ անկախ նրանից` աշխատո՞ւմ ենք, թե՞ գործազուրկ ենք: Սրա մասին եկեք մտածենք, թե չէ որեւէ օտար լեզու, այդ թվում` ռուսերենը, բայց որպեսզի շատերի սիրտը շատ հովանա՝ մանավանդ ռուսերենը, Հայաստանում պետական լեզու չի դառնալու: Ավելին` մենք պետական լեզու չենք սիրում, այն մեզ չի հետաքրքրում, մենք միշտ ձգտում ենք դեպի օտար լեզուները, հենց պետականացավ, էլ պետք չէ, հետաքրքրական չէ: Եվ ուրեմն ռուսերենի շահերից է բխում մեր երկրում մշտապես օտար լեզու մնալը: Հենց մերը դարձավ բանի տեղ չենք դնելու` հայերենի պես, մեր դրամի պես, մեր մայրաքաղաքի պես, մեր պետության պես:
Այբ-բեն-գիմ…Դե շարունակեք:
Հովիկ Աֆյան