կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 17:18
Տարածաշրջան

Երեխայիս հետ բառարանի օգնությամբ եմ հայերեն խոսում. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Երեխայիս հետ բառարանի օգնությամբ եմ հայերեն խոսում. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր

Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հայ պատգամավոր Սելինա Դողանը հարցազրույց է տվել Հյուսիսային Իրաքում քրդերենով հեռարձակվող Rudaw TV-ին:

Ըստ Haberler-ի` Դողանը նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մեծացել է հայերի խնդիրների մասին իրազեկումը:

«Խնդիրներն ավելի ազատ սկսեցին շոշափվել: Մարդիկ սկսեցին ավելի համարձակ լինել իրենց իրական էությանը վերադառնալու հարցում: Բազում դրական քայլեր արվեցին: Շատերն այդ հարցով դիմեցին հայոց պատրիարքարան»,- ասել է հայ պատգամավորը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Իրաքում և Լիբանանում հայերենը պաշտոնական լեզու է համարվում, Դողանն ասել է, որ ոչ մի արգելք չկա, որ մարդիկ ազատ խոսեն իրենց լեզվով:

«Իսկ ես այստեղ՝ Թուրքիայում, երեխայիս հետ հայերեն խոսելիս երբեմն ստիպված եմ լինում օգտվել բառարանից:  Քանի որ գերիշխող հասարակության և լեզվի ճնշման տակ հայերենս հետ է զարգացել: Թեև հայերենը չեմ մոռացել և դրա համար պայքարում եմ, մեր դպրոցներում  հայերեն սովորեցնելն անգամ շատ խնդրահարույց է: Քանի որ հայերեն լեզվի զարգացման հիմնարկներ չկան, ուսուցիչները հայերեն են դասավանդում իրենց մեծերից սովորած հայերենով, ինչն էլ վիճակը խնդրահարույց է դարձնում»,- ասել է Դողանը: