Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնելու նպատակն ամենևին էլ լեզվի ուսումնասիրությունն ու մշակույթի տարածումը չէ, այլ` էքսպանսիան. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան պետական տինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպանը հայտարարել էր, թե ռուսաց լեզուն հետխորհրդային երկրներում պետք է ստանա 2-րդ պետական լեզվի կարգավիճակ:
Ըստ Բաբայանի` եթե Հայաստանում հայերը նույնիսկ 40 տոկոսից քիչ լինեին, միևնույն է, պետք է մեր պետական լեզուն միայն հայերենը լիներ, քանի որ սա արդեն ինքնիշխանության, պետականության հարց է:
«Այն երկրները, որոնք բռնել են անկախության ուղին և հստակ առաջ են գնում, լուրջ չեն էլ ընդունում այս հայտարարությունը: Պետք է կտրուկ տարանջատել երկու բան` մշակույթն ու պետական լեզուն որևէ կապ չունեն իրար հետ: Մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում, առավել ևս` հզոր ռուսական մշակույթը, քանի որ Տոլստոյը, Դոստոևսկին ագրեսիան չեն: Ագրեսիվ լինում են չինովնիկները, պետությունը: Սա լեզվի հարց չէ, էքսպանսիայի հարց է` երկիրն ընկալել որպես տարածք, իսկ բնակչությունը` սպասարկող անձնակազմ, և նրանք, ովքեր կարծում են` ճիշտ է, որ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ստանա, սպասավորի դեր են կատարում»,- ասաց Բաբայանը:
Նա նշեց նաև, որ, այո, դպրոցներում օտար լեզուների ուսուցմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել, սակայն որևէ լեզու չպետք է գերադասել հայերենից:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նշեց, որ նախ պետք չէ նման հայտարարություններին լուրջ վերաբերվել, քանի որ լուրջ վերաբերվել, ըստ նրա, կնշանակի` մենք էլ ենք անլուրջ:
«Ասողը մի բան է` կրակել է, էլի: Հայաստանը ո՛չ Բելառուսն է, ո՛չ Ղրղզստանը, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուս է, և ռուսերենը պահանջված լեզու է, իսկ մեզ մոտ, օրինակ, Ծաղկաձորի գրողների միությունում, երկու ռուս կանայք են աշխատում՝ մեկը Վալյան, մյուսը՝ Լյուբան, և երկուսն էլ շատ լավ հայերեն են խոսում` կթողնե՞ն` ռուսերեն խոսենք: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները շատ լավ հայերեն գիտեն, և շփման լեզվական խնդիր չկա: Կարծում եմ` նման մտայնությունները, ինչպես օձը բնում, դեռ չարթնացած` խեղդել է պետք»,- ասաց գրականագետը:
Այլ հարց է, ըստ Գասպարյանի, որ դպրոցներում օտար լեզուներին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, այսինքն` ավելի խորացված անցնել, ավելի բարձր մակարդակով: «Օտար լեզուներ պետք է լավ իմանան, որ մեր պաշտոնյաները կուռկուռի ձագի պես չգնան ինչ-որ հանդիպման ու կարկամեն: Հարգանք` ռուսներին ու ռուսերենին, բայց ամեն ինչ պետք է իր տեղում լինի»,- ասաց նա:
Ըստ գրականագետի` Խորհրդային միության պես բռնատիրական երկիր դժվար է պատկերացնել, բայց անգամ այն ժամանակ ԽՍՀՄ-ը չպարտադրեց ռուսերենը համընդհանուր պետական լեզու դարձնել: Գասպարյանն, ի դեպ, գործընկեր չի համարում այն հայ գրականագետներին, ովքեր կողմ են արտահայտվել այդ հայտարարությանը: