կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 13:12
Տարածաշրջան

Քաղաքացիական հագուստով թուրք ոստիկանները հայերեն են խոսում՝ ծպտյալ հայերին բացահայտելու համար

Քաղաքացիական հագուստով թուրք ոստիկանները հայերեն են խոսում՝ ծպտյալ հայերին բացահայտելու համար

Ներկայիս Թուրքիայի տարածում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Հազրո շրջանում, ըստ պնդումների, թուրք ուժայինները ճնշում են տեղի 76-ամյա բնակիչ Սանիե Էքթին:

Ըստ «Ակօս»-ի՝ Էքթին բնակվում է Հազրո գյուղում: 1990-ականներին պետության կողմից դատարկված գյուղ նա վերադարձել է 2000-ականներին: Տարեց կինը երկար տարիներ եղել է քրդական քաղաքականության ակտիվիստներից: Կայքի հաղորդմամբ՝ Էքթին բազմիցս կալանավորվել է, կտտանքների ենթարկվել, ձերբակալվել: 76-ամյա կինը Թուրքիայում հայտնի է Դիարբեքիրի  փաստաբանների բյուրոյի նախագահ Թահիր Էլչիի սպանությունից դեռևս կարճ ժամանակ առաջ ունեցած ելույթով: Ներկայումս նա պարբերաբար ենթարկվում է թուրք հատուկ ուժայինների ճնշումներին:

Միջանկյալ նշենք, որ Տիգրանակերտում և ներկայումս քրդաբնակ այլ շրջաններում արդեն երկար ժամանակ է՝ բախումներ են ընթանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև:

76-ամյա կնոջ թոռը՝ Ջեյլան Աքչան, «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է իր մեծ մոր նկատմամբ ճնշումների մասին:

«Հազրո գյուղում նախորդ ամիսներին սկսվեցին հատուկ գործողությունները: Մեծ մորս (մոր մայրը) ապրած գյուղն էլ է ներառվում այդ շրջաններում: Հատուկ ուժայինները մի քանի անգամ մտել են տուն և ճնշել նրան: Սահմանին քեռուս սպանությունից հետո ավելացան ճնշումները: Մեծ մորս դեմ մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ քեռուս մահվան օրը դուրսը լուսավորելու համար նա էլեկտրական լար էր վերցրել, նրան մեղադրեցին «էլեկտրական լարով ռումբ պատրաստելու» մեջ»,- պատմել է Աքչան:

Նրա խոսքով՝ դատարանը տարեց կնոջը, որպես պատիժ, պարտադրել է վճարել 5500 թուրքական լիրա:

«Անգամ դրանից հետո չեն դադարել ճնշումները: Մեր տունը գյուղից մի փոքր դուրս է ընկնում: Հատուկ ուժայինները եկել են տուն ու ասել, որ տունն օգտագործելու են որպես շտաբ, ու զենքեր տեղադրել տանիքին: Մեծ մայրս կապված է կրոնին, «Ղուրան» կարդացող կին է, բայց կարդում է նաև Աստվածաշունչ, որը պահված է տան գրադարանում: Ուժայինները նկատել են, որ տանն Աստվածաշունչ կա: «Դա հայ ես, եթե հայ ես, մի' թաքցրու, մեզ ասա» ասելով՝ նրան ճնշել են: Դրանից հետո սկսել են գյուղում տարածել, որ «այս կինը հայ է, ծպտյալ հայ»: Անգամ եղել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք մտել են տուն ու հայերեն խոսել»,- պատմել է թոռնուհին: