Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 16:52
Մշակույթ

Հայերեն շատ ավելին եմ հասկանում, ուղղակի հետաքրքիր է` ինչ են խոսում մեջքիս հետևում. Օրբելյան

Հայերեն շատ ավելին եմ հասկանում, ուղղակի հետաքրքիր է` ինչ են խոսում մեջքիս հետևում. Օրբելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ուսումնասիրել Կոնստանտին Օրբելյանին օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքերի ամբողջականությունը, որը նրան է ներկայացրել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը: «Եվ եթե որևէ մի կետում անճշտություն կլինի, իսկ անճշտություններ, ցավոք, ներկայացված բոլոր 13 կետերում էլ կան, դրանից հետո կհասկանանք` ինչպես ենք աշխատելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

Լրագրողների հարցին` եթե, ամեն դեպքում, տնօրենի պաշտոնում իրեն չվերականգնեն, կշարունակի՞ աշխատել` որպես գեղարվեստական ղեկավար, նա արձագանքեց. «Սկզբունքայնության հարց է, որ ես ղեկավարեմ թատրոնը: Մտածում եմ, որ թատրոնը պետք է ղեկավարի գեղարվեստական ղեկավարը, ամեն ինչ պետք է ենթարկվի գեղարվեստական ղեկավարին: Տնօրենն ընդամենը փաստաթղթեր է ստորագրում և այլն: Ի դեպ, ինձ այսօր շրջաբերական են փոխանցել մշակույթի նախարարությունից այն մասին, որ բոլոր գնումների և այլնի մասին բոլոր փաստաթղթերը պետք է լինեն նաև ռուսաց լեզվով: Եվ դա ոչ միայն օպերայի թատրոնի, այլ նաև ՊՈԱԿ-ների դեպքում»:

Օրբելյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Նյու Յորք` Արամ Խաչատրյանի փառատոնի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ հստակեցնելու: Նախատեսում են նաև «Անուշ» օպերայի նոր բեմադրություն, որն ԱՄՆ ամբողջ հայ համայնքի պահանջն է:

Ինչ վերաբերում է իր` հայոց լեզու սովորելուն, Օրբելյանն ընդգծեց. «Պետք է հիասթափեցնեմ շատերին ու խոստավանեմ, որ ես հայերեն շատ ավելին եմ հասկանում, քան խոսում եմ: Այդ մասին ուղղակի չեմ ասում, քանի որ հետաքրքիր է` ինչ են խոսում մեջքիս հետևում (ծիծաղում է-Ս.Վ.): Իհարկե, սովորում եմ հայերեն»: