Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս օրերին, մի տեսակ սիմվոլիկ նշանակություն է ձեռք բերում Անկախության 20-ամյակը վերաիմաստավորելու առումով: Երբ այդ իրադարձությունները, երևույթները դիտարկում ենք անկախության մեր ձեռքբերումների ու կորուստների տեսանկյունից, հասկանալի է դառնում, թե որտեղ ենք հիմա և որքանով ենք անկախ պետություն, կայացած հասարակություն ստեղծել:
Այսպիսով` 1. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում է ստորաբաժանում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից: Ու չնայած քաղաքական մեծամասնությունը կազմող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահը դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, սակայն այն լավագույնս ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանն անկախ ռուսական սապոգի ներկայությամբ: Զորահանդեսին ռուսական ստորաբաժանման ներկայությամբ Երևանը փորձում է ոչ այնքան իր ռազմական պոտենցիալով, որքան հենց ունեցած ռուսական աջակցությամբ պատասխանել Ադրբեջանի մոտ մեկուկես ամիս առաջ անցկացված զորահանդեսին:
2. Անկախությանը նվիրված տոնակատարություններին ու պաշտոնական պետական միջոցառումներին Հայաստանի նորանկախ պատմության երեք նախագահներից մասնակցում է միայն գործողը, չնայած թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին հրավերներ ուղարկվել էին: Առաջին նախագահը հրաժարվել է մասնակցությունից` առանց պատճառաբանելու, երկրորդը միջնորդավորված կերպով տեղեկացրել է, թե այդ օրը հանրապետությունում չի լինելու: Փաստը մնում է փաստ, որ ոչ միայն անցած 20 տարիներին, այլև համազգային ու համապետական նշանակության այս օրն անգամ հնարավոր չեղավ երեք նախագահներին տեսնելու միասին, կողք կողքի` իբրև ազգային միասնականության թեկուզ եզակի սիմվոլիկ դրսևորում: Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական հրավերները մերժել են գլխավորապես միմյանց չտեսնելու, իրար կողքի հայտնվելու առիթ չունենալու համար, ինչը, սակայն, արտահայտում է երկրի ու ժողովրդի ճակատագրի համար երբևէ պատասխանատվություն կրած անհատների, պետական գործիչների փոխադարձ անհանդուրժողականությունը, եւ Հայաստանի ընդհանուր բարոյահոգեբանական, քաղաքական իրավիճակը:
3. Երեկ հայտնի դարձավ, որ Նյու Յորքում կայացած ԱՄՆ և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուին հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և վերահաստատել Երևանի և Վաշինգտոնի շահագրգռությունն այս հարցում: Առաջին անգամը չէ, իհարկե, որ Վաշինգտոնն Անկարայի առջև բարձրացնում է այս հարցը: Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ Քլինթոնը խոսում է նաև Հայաստանի անունից և դա` Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելու որոշումից հետո: ԱՄՆ-ը գուցե վաստակել է այդ իրավունքը` տեղի ունեցածի նկատմամբ պաշտոնական Երևանի քար լռությունը հաշվի առնելով: Սակայն հարց է առաջանում` արդյո՞ք սա առաջնահերթորեն ԱՄՆ-ի, ՇՎեյցարիայի կամ էլ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարցն է, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի, որը, կարծես, առհասարակ մոռացել է փաստացի անտեսված, այս պահին գոյության անվավեր կարգավիճակ ունեցող փաստաղթղի տակ իր ստրագրության մասին: Սա ոչ միայն զուտ դիվանագիտության ու քաղաքականության, այլև անկախ պետության արժանապատվության հարց է:
4. Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, թե իրենք առանձին են նշելու ակախության տոնը: Իսկ սեպտեմբերի 19-ին նախագահի կողմից անկախ Հայաստանի պատմության բոլոր ժամանակների պատգամավորների ընդունելության ժամանակ ներկայումս ՀԱԿ-ի մաս կազմող, նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ չկար, բացի ԱԺ նախկին նախագահ Արա Սահակյանից: Այս իրողությունը վկայում է հայաստանյան քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, անհանդուրժողականության ճնշող մթնոլորտը, որը ոչ միայն այդ ուժերին է խեղդում, այլև ողջ հասարակությանը: Կոնգրեսի պատճառաբանությունը շատ տրիվյալ է ու շաբլոնային… Չեն կարող մասնակցել, որովհետև հակառակ դեպքում կլեգիտիմացնեն գործող իշխանությանը: Բայց խնդիրը տվյալ դեպքում իշխանության և ընդդիմության հարաբերությունները չեն, այլ հարգանքը նախկին իրենց իսկ կարգավիճակի, որ ձեռք են բերել սահմանադրությամբ, այսինքն՝ խնդիրը պետական ինստիտուտների` տվյալ դեպքում, նախագահի և Ազգային Ժողովի նկատմամբ հարգանքին է վերաբերում: Սա է ներկայիս քաղաքական մշակույթի արտացոլանքը:
5. Անգամ այս հրաշալի օրը հայաստանյան թիվ մեկ կամ երկու թոփ տեղեկատվությունը շարունակում է մնալ դերասանուհիներից մեկի ինտիմ նկարների շուրջ ծավալված պրոցեսները: Երիտասարդները համացանցում այդ նկարներն են փնտրում, տանտիրուհիները բամբասում, իսկ ոստիկանությունը անխոնջ ու անաչառ իրավապահների իմիջ ձևավորում տեղեկատվական ակտիվ հոսքեր ապահովելով: Իսկական եռեալիթի շոուե, իրական օճառային օպերա, որ եթերից տեղափոխվել է փողոց, տուն, հասարակական միջավայր: Մինչդեռ սա ոչ թե հասարակության, այլ լյումպեն, բնազդներով առաջնորդվող զանգվածների, ամբոխի տիպիկ վարքագիծ է, որը բարոյական ու հոգևոր նորմեր չի ճանաչում և դեգրադացիան ավերիչ մակարդակի է հասել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ