կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-23 10:23
Հասարակություն

Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում,

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:

30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։

Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին:

Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:

Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:

Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:

Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:

Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:

Կեցցե՛ անկախ Հայաստանը:

Կեցցե՛ մեր ժողովուրդը»: