Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարեւ, Հայաստան: Մենք էլ քեզ նման ազատ ու անկախ ենք: Ինչպես դու, մենք էլ` ինչեր ասես, որ չենք տեսել` քո շենքերի նման մեր մազերն ենք ներկել փոփոխության համար, քո քաղաքական գործիչների նման մենք էլ ենք հաճախ խոստումների հրավառություն օդում բաց թողել, կարկատած փողոցներիդ նման մենք էլ ճղճղած ջինսեր ենք հագել... Բայց ոչնչի համար ափսոս չենք ասում, քանի որ մենք 20 տարեկան ենք ու հենց մեզ է տրված խենթություններ գործելու պատվավոր իրավունքը...
Մարդյան Լուսինե-Անկախությունը տարիների ընթացքում մեզ նոր մտածելակերպ տվեց, նոր մոտեցում` ամեն ինչի հանդեպ: Բայց մեզ մոտ քչերը կարող են ասել, որ անկախ են ու հավատան իրենց ասածին, քանի որ անկախ պայմաններ չկան Հայաստանում: Մենք չգիտենք, թե վաղը` համալսարանն ավարտելուց հետո, կկարողանանք մասնագիտական աշխատանքի անցնել, իսկ եթե աշխատանք գտնենք, կստանանք այնքան աշխատավարձ, որ ծնողներից այլեւս ֆինանսական կախում չունենանք: Բայց ես հպարտ եմ Հայաստանի անկախությամբ, քանի որ ես էլ անկախության ծնունդ եմ եւ վստահ եմ, որ անկախության 30-րդ տարելիցը տոնելիս` արդեն իսկ այս խնդիրները լուծված են լինելու:
Մարտիրոսյան Գոռ: Ասում են` ազատ ենք, անկախ, բայց իրականում այնքան էլ այդպես չէ: Անկախություն ասելով` հասկանում եմ լիարժեք ազատություն, բայց մենք այդ դրության մեջ չենք, իսկական անկախություն չունենք: Մենք «կախված» ենք մի քանի այլ պետություններից, օրինակ` Ռուսաստանից: Ես ինձ լիարժեք անկախ կարող էի համարել այն դեպքում, երբ երկիրը չպատկաներ մի քանիսին, այլ ժողովրդինը լիներ: Ընտանիքիս համար էլ անկախությունը ֆինանսական ինչ-որ կայուն վիճակ գոնե «բերեց»: Հուսով եմ` անկախության մյուս հոբելյանը ձեռքբերումների առումով ավելի շռայլ կլինի:
Ներսիսյան Գեւորգ: Անկախությունը անկախ սերունդն է, անկախություն` որպես ինքնին ազատ մտածելակերպ, աշխարհայացքի ընկալման եւ քաղաքականության ազատություն, եւ, ամենակարեւորը, ժողովրդավարություն: Ես ինձ լիարժեք անկախ եմ համարում, եւ չնայած սահմանափակումներ չկան ինձ անկախ զգալու համար, բայց կան արգելքներ: Կարծում եմ` երիտասարդներին խանգարում են հայկական կարծրատիպերը, որոնք ինչ-որ քառակուսու մեջ են դնում մեզ:
Օհանյան Լուսինե: Մենք անկախ պետություն ենք եւ ունենք մեր ապրելաոճը, մեր դրոշը, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար: Ինձ համարում եմ անկախ այնքանով, որ ապրում եմ անկախ պետության մեջ: Տարիներ առաջ մարդիկ ավելի սուղ էին իրենց ցանկությունների մեջ, այսինքն` չեն կարողացել անել այն, ինչ ցանկացել են: Հիմա այդպես չէ: Ես ինձ նաեւ անկախ ուսանող եմ համարում, չնայած որ ֆինանսական կախում ունեմ ծնողներիցս:
Միքայելյան Աննա: Ես գիտեմ, որ առավոտյան զարթնելու եմ հանգիստ պայմաններում, ընտանիքս ապահով է, եւ այսօրվա դրությամբ իմ բանակային ընկերների մասին չեմ մտածում, որ ամեն պահ կարող է նրանք վիրավորվեն: Որպես երեխա` կախվածության մեջ եմ ծնողներիցս: Լիարժեք ազատ մարդ չեմ համարում ինձ, քանի որ պատասխանատվության զգացողությունը շատ մեծ է, այսինքն` մեզ մոտ ազգայինն ավելի սուր է դրված, եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածում ես, որ դու դրա հետեւանքները մենակ չես «տանելու»:
Արթուր Հովհաննիսյան: Անկախությունը մեր երկրի համար շատ մեծ նշանակություն ունեցավ, քանի որ մենք գտնվում էինք ԽՍՀՄ-ի կազմի մեջ եւ անկախանալով` միասնականություն ձեռք բերեցինք: Այն ժամանակ բոլորը պետք է կոմունիստական գաղափարախոսության կրողը լինեին, հիմա ընտրության հնարավորություն կա: Անկախության ձեռքբերումներից մեկն էլ , արտահայտվելու ազատության իրավունքն է: Որպեսզի ասենք, որ Հայաստանն անկախ է եւ իսկապես հավատանք մեր ասածին, ամեն ինչ պետք է սկսել սկզբից. պետք է բարեփոխումներ կատարվեն կրթության ասպարեզում: Կուզեի նաեւ, որ օրենքը գործեր բոլորի համար եւ բոլորն օրենքի առջեւ հավասար լինեին:
Մանուկյան Սիրունիկ: Շատ եմ կարեւորում խոսքի ազատությունը, չնայած մյուս կողմից էլ որ նայենք` կան սահմաններ ամեն ինչում: Լիարժեք անկախ չես կարող լինել, քանի որ պետությունը նույնպես սահմաններ է դնում քո առջեւ. ուզում ես ինչ-որ բանի հասնել, բայց թռիչքի հնարավորություն չկա: Անկախությունը միայն բառ չի, թեկուզ հիշենք մեր չեմպիոններին, որոնք այն ժամանակ հանդես էին գալիս ԽՍՀՄ կազմում, իսկ հիմա ես հպարտ եմ, որ ՀՀ-ն վերջին մի քանի տարիներին այսքան մեդալներ է ստացել: Հայը բոլոր ազգերից տարբերվում է մաքրությամբ եւ իր խելքով, եվրոպական բարքերը շատ են ամեն ինչ իրար խառնում. կուզեի մաքրության տեսանկյունից մնայինք ասիական:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ