կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 16:16
Մշակույթ

Գեղամ Գրիգորյանն այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը. Սերգեյ Սմբատյան

Գեղամ Գրիգորյանն այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը. Սերգեյ Սմբատյան

Տեղեկացրել ենք, որ երեկ կյանքից հեռացել է օպերային երգիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ մաեստրոյի մահից հետո ուղղակի զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր նրա կենդանության օրոք չէին հարգում նրան, իսկ հիմա սկսել են ցավակցական խոսքեր հղել:

Ըստ նրա` նույն մարդիկ, որոնք տարակուսանքի մեջ էին մաեստրոյի մեծության, նրա` երաժշտարվեստում ունեցած դերի հետ կապված, հիմա մամուլի միջոցով փորձում են իրենց ցավակցությունը հայտնել, ասել, որ նա մեծ մարդ էր:

«Սա մեր ամենամեծ ողբերգությունն է, որ չենք հասկանում` ով է նա կենդանության օրոք, ու չենք կարողանում օբյեկտիվ գնահատական տալ փաստերին, որոնք ճիշտ են: Գեղամ Գրիգորյանն ինձ համար, ընդհանրապես` հայ ազգի ու երաժշտության համար, մեծ մարդ էր, նա այն մարդն է, ով իր տեղում էր և, ներկայանալով աշխարհի տարբեր բեմերում, ասում էր, որ Հայաստանից է ու Հայաստանն է ներկայացնում: Դրա համար էլ դրսում մարդկանց 99 տոկոսը, երբ ասում էինք` Հայաստան, միանգամից Գեղամ Գրիգորյանի անունն էին տալիս: Հիշում եմ` Նյու Յորքում, երբ մի կին ինձ հարցրեց, թե որտեղից եմ, ասացի` Հայաստանից, միանգամից ասաց. «Հարգանքներս մաեստրո Գեղամ Գրիգորյանին»: Այդ զգացումքը երբեք չեմ կարող փոխանցել»,- ասաց Սմբատյանը:

Ըստ նրա` մենք ուղղակի պետք է մարդկանց վստահենք ու գնահատենք կենդանության օրոք: Գրիգորյանը, Սմբատյանի բնութագրմամբ, այն «չեմպիոնն» էր, որը փոխեց մեր իրականությունը և ոչ միայն` մեր. նա նույնիսկ Մարիինյան թատրոնում հեղափոխություն արեց:

«Մեր խնդիրն այն էր, որ մենք չկարողացանք հարգել ու գնահատել նրան` ըստ արժանվույն, այսինքն` եղան մարդիկ, ովքեր իրենց ինչ-ինչ իրավունքներ վերապահեցին մաեստրոյի հասցեին ինչ-որ բաներ ասելու: Ես, մեր ամբողջ կոլեկտիվը, մարդիկ, ովքեր հավատում էին մաեստրոյին, ցավում ենք, մեծ կորուստ է մեզ համար: Ասում են` անփոխարինելի մարդիկ չկան, բայց Գեղամ Գրիգորյանի պակասը մենք շատ կզգանք»,- ասաց Սմբատյանը:

Ըստ նրա` ամենահզոր և ուժեղ մարդիկ միշտ բարի են լինում, և Գեղամ Գրիգորյանը բացառություն չէր: «Շատ բարի, մեծահոգի, և, ամենակարևորը, մարդ էր, որը կարողանում էր նկատել երիտասարդներին: Հայաստանում ամենամեծ երգիչներից մեկին` Գևորգ Հակոբյանին, հենց Գեղամ Գրիգորյանն է նկատել: Նա միշտ ասում էր` մենք չենք հասկանում` Գևորգն ինչ մեծություն է: Միշտ չէ, որ մեծ մարդիկ իրենց կողքին նկատում են ուժեղ մարդուն և կիսում իրենց կյանքի փորձը ու սատարում նրա կայացմանը: Կարծում եմ, որ բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ շփվել են մաեստրոյի հետ, մեծ կորուստ է մաեստրոյի մահը, որը հեշտ չենք մարսելու»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին` ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը`  ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:


\"\"