կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 13:55
Քաղաքական

Զանգելու-ասելու են՝ տեղական արտադրող էսինչ, պետք է այսքանի գովազդ տաս էսինչ TV-ին, սա է մեր իրականությունը. Աղվան Վարդանյան

Զանգելու-ասելու են՝ տեղական արտադրող էսինչ, պետք է այսքանի գովազդ տաս էսինչ TV-ին, սա է մեր իրականությունը. Աղվան Վարդանյան

2014թ. մարտի 11-ին ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ

 

Հարգելի' խորհրդարան

 

Օրենքի այս նախագծի քննարկումը երեկ սկսվեց նիստի վերջին րոպեներին, երբ դահլիճում քիչ մարդ կար: Հատուկ էր արված, թե՝ չէ, հարցի մի կողմն է: Բայց որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները իրազեկված լինեն, թե խոսքն ինչի մասին է, պարզաբանեմ: «Գովազդի մասին» ՀՀ օրենքն արգելում էր թունդ ալկոհոլային խմիչքների (բացի կոնյակից) գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով: Այսինքն՝ հեռուստատեսությամբ:

 

Օրենքի փոփոխության հեղինակները առաջարկում են այդ արգելքը հանել երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 6:00-ը: Նպատակ-հիմնավորումը (եթե դատարկ բառակապակցությունները մի կողմ թողնենք) մեկն է՝ բարելավել հեռուստաընկերությունների ֆինանսական ներկա վիճակը:

 

Հեղինակները ակնկալում են, որ տարեկան մոտ 1 միլիարդ դրամով (2.5 միլիոն դոլար) կավելանա TV-ների եկամուտը: Ամբողջը սա է:Բայց առաջանում են բազմաթիվ հարցեր:

 

1. Քաղաքակրթական, հայեցակարգային.- Զարգացող աշխարհը գնում է մի ուղղությամբ, մենք՝ հակառակ, ետ ենք գնում: Եվրոպայում, Ամերիկայում, տասնյակ ու տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը, ԱՊՀ մի երկրում է միայն թույլատրված:

 

2. Իրավական.- Որքանո՞վ է ճիշտ՝ օրենք ընդունել մի քանի հեռուստաընկերությունների շահը նկատի ունենալով: Զանգվածային լրատվամիջոց հասկացությունը շատ ավելի լայն դաշտ է ներառում: Մենք ոչ մի կերպ ուզում ստեղծագործական միությունները առանձնացնել մյուս ՀԿ-ներից: Այստեղ ինչո՞ւ ենք առանձնացնում: Լոբբինգի մասին օրենք չունեցող երկրում սա անբարեխիղճ լոբբինգի տարրեր չի՞ պարունակում: Երբ ես ուշադրություն եմ հրավիրում օրենքի հեղինակային հիմնական կազմի վրա, նաև սա եմ ակնարկում:

 

3. Հասարակական-սոցիալական-բարոյական.- Նպատակ դնելով աջակցել TV-ներին, մենք չե՞նք անտեսում հանրության շահը, չենք խրախուսում ոչ առողջ ապրելակերպը հատկապես երիտասարդության շրջանում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ սա ժամանակի մեջ բացասական ազդեցություն չի ունենալու: Հաջորդը՝ խոստովանենք, թե ոչ գովազդի շուկան, հատկապես TV-ներում, ամենաստվերայիններից է: Անձնական, խմբակային շահերն այստեղ ակնհայտ են: Տարիներ առաջ ֆինանսների փոխնախարարը Հանրայինի ղեկավարին հարցրեց՝ գովազդից տարեկան ինչքա՞ն եկամուտ եք ունենում: Ասաց՝ 300.000 դոլար: Առաջարկեց բյուջեով լրացուցիչ 400.000 հատկացնել՝ գովազդը հանրայինից հանելու պայմանով: Տեսնեիք՝ ոնց հրաժարվեց, ոնց ընդդիմացավ: Մեր նպատակը ստվերի դեմ պայքարե՞լն է, թե՞ խրախուսելը:

 

Հարգելի' խորհրդարան, մեր հեռուստաընկերությունների կազմը, կառուցվածքը, 90 տոկոսի ենթակայությունը գաղտնիք չէ: Ես բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ այս փոփոխությամբ մենք ընդամենը որոշ կոնկրետ մարդկանց ու խմբի չերևացող ծախսերն ենք կրճատելու՝ այդ բեռը դնելով թունդ խմիչք արտադրող և ներկրող ընկերությունների վրա: Այո, ներմուծող խոշոր կառույցները գովազդի գումար են բերելու Հայաստան, տեղական արտադրողնները իրենք էլ միջոցներ հանելու բիզնեսից: Բնականաբար՝ շատ ավելի քիչ, և տուժելու են մրցկացության մեջ: Գովազդն էլ ուղղորդվելու է առաձին TV-ների: Զանգելու-ասելու են՝ տեղական արտադրող էսինչ, պետք է այսքանի գովազդ տաս էսինչ TV-ին: Սա է մեր իրականությունը, և երեսպաշտություն պետք չէ անել:

 

Եվ պետք չէ մտածել, որ եթե կոնկրետ քաղաքացու գրպանը չենք մտնում, ինչպես փորձել ենք տրանսպորտի գնի թանկացմամբ, կարմիր գծերով, կուտակայինով, ապա հակազդեցություն չի լինի: Սա թերևս ավելի վտանգավոր է՝ խփում ենք հանրության բարոյական, առողջապահական, արժեքային հիմքերին:

 

Մեր ժողովրդի մասին պետք չէ այդքան վատ մտածել: Սա կարող է նույնքան և ավելի դժգոհություն առաջացնել, ինչպես եղավ տրանսպորտի, կարմիր գծերի, կուտակայինի պարագայում: Մեր նպատակը դժգոհության ևս մի օջախ ավելացնե՞լն է, Ձեր՝ մեծամասնության իշխանությունը մի նոր փորձության տանե՞լը: Իսկ որ սա դառնալու է ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, ապագա սերունդներով մտահոգ մարդկանց բողոքի առիթ, ես չեմ կասկածում: Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես են այս օրենքին քվեարկելու մեր կին պատգամավորները, պարոն Արա Բաբլոյանն ու սթափ մտածող մեր մյուս գործընկերները կոալիցիայից:

 

Հարգելի' խորհրդարան, ես շնորհակալ եմ հարակից զեկուցող Արտակ Դավթյանին, ով այս ամբիոնից ընդամենը մեկ նախադասություն ասաց՝ հանձնաժողովը 6 կողմ, 2 դեմ ձայնով դրական եզրակացություն է տվել: Այլ բան ասելը, նախագիծը գովելը չափազանց դժվար կլիներ: Միայն ավելացնեմ, որ քառօրյա մտցնելուն եղել է 3 դեմ, 5 կողմ: 5-ից 2-ն էլ կողմ էին վերապահումով: Նաև շնորհակալ եմ պատգամավոր Արթուր Գևորգյանին, ով նախապես հեղինակներից մեկն էր, բայց հետո խելամտորեն հրաժարվեց: Հիմա՝ կառավարության դիրքորոշման մասին:

 

Կառավարությունը սկզբունքային առարակություններ չունի: Վերջին նիստի ժամանակ, այլ օրենսդրական նախաձեռնություն քննարկելիս, վարչապետն ասաց՝ հասարակությունը շատ զգայուն է, անհրաժեշտ է լայն շրջանակների հետ լայնորեն ու մանրամասն քննարկել: Մի՞թե սա այդ դեպքերից չէ, հասարակության շահը այստեղ չի՞ ոտնահարվում: Ինձ հետաքրքիր է՝ մեր առողջապահության նախարարը ինչ դիրքորոշում ունի այս հարցում:

 

Եթե սկզբունքային չես, սկզբունքային առարկություն չես կարող ունենալ: Վաղը Հայաստանի մասին ասելու են՝ այդ երկրում հեռուստատեսությամբ թույլատրված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը: Սա դաջվածք է, իզգոյի կարգավիճակ, որին դրական եզրակացություն է տվել մեր գերժամանակակից կառավարությունը: Ես չեմ ուզում, որ նույնը անի Հայաստանի խորհրդարանը: