Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Ալիեւը տապալեց կազանյան հանդիպումը` փրկելով Հարավային Կովկասը խաղաղապահ ուժերի զավթումից: Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Իգբալ Աղազադեն լեհական Կրինցա քաղաքում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Եվրոպայի տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող Հարավային Կովկասին եւ Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ նստաշրջանի ժամանակ:
«Ասաց, թե մենք դրանով փրկեցինք Հարավային Կովկասը: Եթե հանկարծ Ալիեւը Կազանում փաստաթուղթ ստորագրեր, ապա ամերիկյան եւ ռուսական խաղաղապահ ուժերը կներխուժեին Արցախ եւ երբեք դուրս չէին գա: Ակնարկեցին, որ դա կլիներ նաեւ մեր վերջը»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով էլ ղեկավարել է նստաշրջանը:
Այս նույն նստաշրջանի ընթացքում մեկ այլ սկանդալային հայտարարություն է արել ադրբեջանցի պատգամավոր Ասիմ Մոլազադեն: Նստաշրջանի ընթացքում ներկայացվել են Ջուղայի ոչնչացված խաչքարերի լուսանկարները: Գրիգորյանի այն հարցին, թե ինչո՞ւ են ոչնչացրել հայկական մշակութային կոթողները, Մոլազադեն պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, թե լավ ենք արել»:
Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ նշեց, թե պատրաստվում են մեղադրանք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ` Ջուղայի մշակությաին հանցագործությունը չբացահայտելու, համապատասխան հանձնաժողով այնտեղ չուղարկելու համար. «Մենք չենք մեղադրում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կաշառակերության մեջ, այլ համադրում ենք փաստերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ալիեւից 1.5 միլիոն դոլար է ստացել եւ մինչ օրս խաչքարերի ոչնչացումը չի հետազոտել»:
Նստաշրջանի ժամանակ Ասիմ Մոլազադեն ասել է, թե Ադրբեջանը նախատեսում է 60 միլիարդ դոլարի ներդրումներ անել Արցախում, եթե այն լինի Ադրբեջանի կազմում: Սրան ի պատասխան` հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը պատասխանել է, որ թեեւ առաջարկը գայթակղիչ է, սակայն հայրենիքը չեն վաճառում: Իսկ Ա. Գրիգորյանն ասել է, որ եթե Ադրբեջանն ունի այդ 60 միլիարդը, ապա թող այն ներդնի Բաքվի շրջակա բնակավայրերում` մարդկանց սովահարությունից փրկելու համար:
Աշոտ Գրիգորյանն ասաց, թե ադրբեջանցիների սկանդալային այս հայտարարությունների մասին ինքը տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չի ստացել: Նրա խոսքերով` արտգործանախարարությունը «խանդով է վերաբերվում» իրենց, նույն վերաբերմունքն ունի նաեւ սփյուռքի նախարարությունը: Այս երկու նախարարություններն էլ բավարար չափով չեն աշխատում սփյուռքի հետ եւ համապատասխան կերպով չեն իրականացնում դիվանագիտական աշխատանքները: Եվ դիվանագիտական ճակատում ինչ հաջողություններ էլ կան, դրանց մի զգալի մասը շնորհիվ անհատների եւ կուսակցական կառույցների գործունեության է:
Նա օրինակ բերեց, որ եթե Լոնդոնում ադրբեջանցիները մի հսկայական շենք են վարձակալել` դիվանագիտական, լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, ապա Հայաստանի դեսպանատանն աշխատում է ընդամենը երեք հոգի: