կարևոր
5179 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 14:23
Քաղաքական

Մինչև 2018 թվականը լավ հիշում ենք, որ Ալիևը  բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը․ Մետաքսե Հակոբյան

Եթե կարողանանք իրականում այդ թունելի վերջում լույսը տեսնել, պետք է նաև կարողանանք գնահատել այն, ինչ ունեինք, ո՞ւր ենք հասել հիմա և ո՞ւր ենք պատրաստվում գնալ։ Այս մասին Արցախում տեղի ունեցած «Դեկտեմբերի 10. կամքի, կյանքի, հաղթանակի խորհուրդ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցությունները մինչև 2018 թվականը և դրանից հետո իրարից արմատապես տարբերվում են։ Մինչև 2018 թվականը բոլորս ենք լավ հիշում, որ  Ալիևը  բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը, իսկ 2018 թվականից հետո հիշենք ինչ էր ասում Փաշինյանը․ հայտարարում էր, որ միջազգային հանրությունը իրեն ստիպում է իջեցնել Արցախի նշաձողը։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Փաշինյանը ոչ միայն պատրաստ է իջեցնել ԼՂ հակամարտության նշաձողը, այլ նաև նրա նպատակը այդ նշաձողի ընդհանրապես վերացումն է։ Մնում է արձանագրել, որ Փաշինյանի վարչապետության 2 տարիների արդյունքները ԼՂ հակամարտության գործընթացի հետ կապված հետևյալն էին՝ ստեղծվել էր տպավորություն, որ ՀՀ իշխանությունները, տարբեր հեղափոխական գաղափարներ ասպարեզ նետելով, փորձում են ակտիվության պատրանք ստեղծել՝ նպատակ ունենալով ձգձգել գործընթացը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների լուրջ վատթարացումն ունեցավ իր անցանկալի հետևանքները՝ անկախ նրանից թե ինչպես են իրենք փորձում դա ներկայացնել։

«Հաջորդ թեզը, որ դաշտ նետվեց դա շատ վտանգավոր թեզ էր, որ լուծումը պետք է բավարարի ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանի ժողովուրդներին, և դրա արտացոլումը եղավ 2020 թվականի պատերազմը։ Ինքնորոշման իրավունքի հիմքով մոտեցումը փոխարինելով անվտանգության խնդիրներով։ Ձևախեղեց բանակցային գործընթացը այն վերադարձնելով առաջին փուլի ձևաչափին, որը նախատեսում էր ԼՂ կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու համար հնարավորություններ միշտ էլ կան, պետք է ցանկություն լինի դրա համար, ինչը չունեն ՀՀ իշխանությունները։