կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 14:07
Հասարակություն

ԱՊՊԱ համակարգում կայանալիք փոփոխությունները դրական ազդեցություն կունենան

 ԱՊՊԱ համակարգում կայանալիք փոփոխությունները դրական ազդեցություն կունենան

2017 թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգ, այսինքն` նախկինում վթարի ժամանակ հատուցումը տալիս էր մեղավոր կողմը, այս համակարգի ընդունումից հետո հատուցումը վճարելու է ապահովագրական ընկերությունը. խոսելով ԱՊՊԱ համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին` լրագրողներին հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ վարորդն արդեն ընտրելու հնարավորություն ունի: «Սա արդեն մրցակցություն է առաջ բերում ապահովագրական ընկերությունների միջև, և  դա դրական ազդեցություն կունենա: Ապահովագրական ընկերությունների սպասարկման որակը կլավանա: Մյուսը ՝  բոնուս-մալուսի համակարգի ընդունումից հետո, խոսակցություններ կային, թե ինչո՞ւ է բոնուսն ավելի ցածր, քան մալուսը: Պատահարներ չունեցող վարորդի վճարումները նվազում են, իսկ մալուսի դեպքում` բարձրանում, և միջին հաշվով նույն գումարն է գալիս»,- ասաց Չիլինգարյանը:

 Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա հասունացավ այս խնդիրը, նա ասաց, որ, 5 տարվա վիճակագրության  վրա հիմնվելով, մասնագետները  հանգեցին եզրակացության, որ պետք է փոփոխություններ մտցնել այդ համակարգում:

Անդրադառնալով տաքսու ծառայություններին` Չիլինգարյանը նշեց, որ, վիճակագրության համաձայն, Հայաստանում 400 –500 հազար մեքենա կա, գրանցված տաքսիները դրանց 2,4 տոկոսն են: «Սովորական մեքենաները ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցած վթարներում 8 տոկոսն են  կազմում, իսկ տաքսիները` 25 տոկոսը: Երբ հարց բարձրացվեց տաքսիների համար վճարները բարձրացնել, վթարների եզրակացությունների վրա հիմնվելով` որոշվել էր, որ տաքսիների ԱՊՊԱ համակարգի վճարները պետք է բարձրանան 200 տոկոսով: Բայց քանի որ մեր երկրում սոցիալական խնդիր կա, վերջնահաշվարկում ընդունվեց 25 տոկոսով բարձրացումը»,- ասաց Չիլինգարյանը` նշելով, որ, իհարկե, շատ տաքսու վարորդներ բողոքեցին այդ կապակցությամբ: