կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-14 17:14
Առանց Կատեգորիա

Բայց ասեմ` հետաքրքիր ընտրություններ են սպասվում

Բայց ասեմ` հետաքրքիր ընտրություններ են սպասվում

Հարգելի իշխանություն և նույնքան հարգելի Կոնգրես, լսո՞ւմ եք, ԿԸՀ-ն դեռ պատրաստ չէ։ Լիքը գործ կա, հասկացեք, արդար ընտրություններ կազմակերպելը հեշտ գործ չէ։ Միայն ասելով չէ` արդար, թափանցիկ ընտրություններ։ Պետք է դրանց մեխանիզմնրն ունենանք, իսկ ԿԸՀ-ն դեռ ոչինչ չունի։ Ազարյանը կարո՞ղ է ընտրությունների արդարություն ապահովել, եթե անգամ արտահերթ ընտրությունների համապատասխան օրենսգիրք չունի ձեռքին։ Բոլորը մի գլուխ Ազարյանին են մատնացույց անում, ասես` նրա տեղը եթե Ղազարյանին նշանակեն, ընտրությունները կփայլեն արդարությունից։ Կամ ո՞վ ասաց, որ խախտումներով մի քանի համապետական ընտրություններ լմնցրած Ազարյանը չի կարողանա նույն հաջողությամբ նաև արդար ընտրություններ անցկացնել։ Հապա թող մի հրահանգ լինի վերևից` տեսնեմ ո՞նց չի կարող անցկացնել։ «Տուտ ժե» գործից կհանեն։ Թաղապետարանի աշխատակցին 50 հազար դրամ կաշառք վերցնելու համար Սիբիր են աքսորում չէ՞։ Պատկերացնո՞ւմ եք, թե Ազարյանին ուր կուղարկեն, եթե 500 հազար ձայն հավելագրի իշխող կուսակցությանը, որն այս անգամ, բոլորին անհայտ պատճառնեորվ, որոշել է արդար ընտրություններ անցկացնել և երկխոսություն է սկսել դրա շուրջ։ Էն էլ ո՞ւմ հետ, ՀԱԿ-ի, որի առաջնորդն իր օրում արդարությանը «պրիզնատ» եկեծ չկա։

Իշխող կուսակցության և կոալիցիայի ուզածը սա է` ինչ լինում է, թող ժամանակին լինի։ Լևոն Տեր- Պետրոսյանն էլ դեմ է ընկնում, թե` ինչ լինում է, թող արտահերթ լինի:  Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հույսը դրել է Ազարյանի ազնվության վրա, իսկ վերջինս էլ, թարսի պես, բարձրաձայնում է, որ ԿԸՀ-ն պատրաստ չէ։ Որ պահանջը դեմ են տալիս, նա հաջողությամբ «ֆռռացնում» է` չի ստացվի, դրանց ուրիշ խնդիրներ են առաջանում, հասկացեք, տառապանքս փորձ ունի։ Ես Ազարյանին անկեղծորեն հասկանում եմ։

Օրինակ` եթե ինձ հարցնեն, թե ի՞նչ կպատահի, եթե ընտրողի մատը թանաքոտեն, կպատասխանեմ։ Նախ` բնապահպանները դա էկոլոգիական աղետ կհամարեն ու վրա կտան և ապա` սանէպիդկայանից հարկ կլինի տեղեկանք ճարել։ Եկեղեցին իր հերթին կարող է պահանջել ընտրություններից հետո թանաքից հանելու կարգ կատարել, միջազգային դիտորդները ապացույցներ կպահանջեն այն մասին, որ Հայաստանում թանաքը լվացող նյութերի անլեգալ պահեստներ չկան… Էլ չենք խոսում Վերահսկիչ պալատի մասին, որ կարող է ընկնել ԿԸՀ-ի հետևից` պարզելու, թե Թուրքիայի մեծածախ շուկայից լիտրը քանիսով են չինական թանաքն առել ու ֆրանսիական թանաքի տեղ քանիսով սաղացրել պետության վրա։ Հիմա ասեք` ո՞վ լինի Ազարյանի փոխարեն, որ պատրաստ լինի նման բաների։

Ի՞նչ կտան մեզ ընտրատեղամասերի մուտքին տեղադրվող տեսախցիկները։ Պարզվում է, որ դրանք տարբեր, կասեինք` իրարամերժ հետևանքներ կարող են առաջ բերել։ Ընդդիմությանը թվում է, թե դա իր օգտին է` թաղային հեղինակությունները կվախենան տեսախցիկներից և մարդկանց խմբերով չեն քշի-բերի ընտրության, կարգուկանոն կհաստատվի ընտրական տեղամասի բակում։ Մինչդեռ ԿԸՀ նորանշանակ ղեկավարը պնդում է, թե տեսախցիկների առկայությունը կստիպի բոլոր պաշտոնյաներին, ողջ ապարատին, «ներկա» ստանալու համար գնալ ընտրության և երևալ վերադասի աչքին։

Այ քեզ նորություն, այ քեզ բարոյական հարված իշխանության տարբեր տրամաչափի գործիչներին։ Բա ամոթ չի՞, որ հարազատ կուսակցությանն էլ ձայն չէք տալիս։ Ձեր ռեսուրսն ախր կորչում է, չէ՞։ Ազարյանը ինչքա՞ն նկարի, ո՞ր մեկին զանգով ու ծանոթությամբ «ներկա» նշանակի, որ թիվը տեղը գա։ Իսկ պարոն Ազարյանը շատ կուզենար, որ դուք, հարդելի պաշտոնյաներ, գիտակցաբար գնայիք ընտրության և ոչ թե տեսախցիկից դրդված։

Ընդդիմությունը կտուժի, փաստորեն, եթե տեսախցիկ տեղադրվի։ Գումարեք իրար կոալիցիոն կուսակցությունների անդամների թիվն ու պարզ կդառնա, թե ինչ ստարտային առավելություն կունենան նրանք մյուսների նկատմամբ, եթե այդ բանակը նկարվելու պարտադրանքից հորձանք տա դեպի ընտրատեղամասեր։

Ընդդիմության վրա տեսախցիկների կործանարար ազդեցությունը, սակայն, սրանով չի ավարտվում։ Հարցրեք պարոն Ազարյանին, և նա ձեզ կասի, որ տեսախցիկները կնպաստեն միավոր ընտրակաշառքի չափի մեծացմանն ու կավելացնեն ընտրակաշառք վերցնողների թիվը։ Թե ինչ տրամաբանությամբ` ես դժվարանում եմ հասկանալ, բայց ԿԸՀ ղեկավարը համոզված է դրանում։ Ինչպե՞ս պետք է տեսախցիկն, օրինակ, ֆիքսի, թե իր օբյեկտիվում հայտնված մարդը որքան ընտրակաշառք է ստացել և կամ ինչպես պիտի «հաշվի», թե տեղամաս այցելածներից քանիսն են ընտրակաշառք վերցրել։ Չէ, որքան էլ որ մտածում եմ, Ազարյանը, կարծես, «ֆռռացնում» է կամ այդպիսի մի փորձ է անում։ Իսկ գուցե նրա մտահոգությունն այն է, որ այդ նորամուծությունից չկաշառվող մարդկանց մեջ հավա՞տ կարող է արթնանալ, ու նրանք է՞լ վեր կենան գան ընտրության։ Այս խավն, այո, ուղղակի փորձանք կարող է դառնալ ԿԸՀ-ի գլխին և ստիպել այնպիսի արտառոց թվեր նկարել, որ նույնիսկ իշխանությունը չհավատա ընտրությունների արդարությանը։ Իսկ խավը փոքրերից չէ, հավատացեք։ Եթե 2 միլիոն 600 հազար ընտրող ունեցող Հայաստանում համապետական ընտրությունների է գնում 1 միլիոն 600 հազարը, ապա կարող եք պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե անտարբերների բանակը շարժվի։ Իսկ որ այդ բանակը, կամ դրա մի զգալի մասն այս անգամ կշարժվի, գրեթե ոչ ոք չի կասկածում, քանի որ նրանք էլ արդեն հասկանում են, որ տանը նստելով ոչինչ չի լինում փոխել։

Այ այստեղ ես հասկանում եմ` իշխանություններին էլ, ՀԱԿ-ին էլ։ Բայց «Ինչ լինում է, թող ժամանակին լինիե և «Ինչ լինում է, թող արտահերթ լինի» կարգախոսները, որոնցով նրանք գնում են ընտրությունների, կարող են և չաշխատել։ Ասելս այն է, որ ընտրություններից առաջ ոչ թե դատարկ երկխոսում են և սպասում Ազարյանի ազդանշանին` ԿԸՀ-ն պատրաստ է, թե չէ, մատը կարելի է թանաքոտել, թե չե, տեսախցիկ տեղադրենք թե չէ, այլ սկսում են լուրջ ու նկատելի բարեփոխումներ կատարել, լուրջ, հավատ ներշնչող գաղափարներ ու ծրագրեր շուկա հանել։ Իսկ մենք ինչո՞վ ենք զբաղված` քաղաքական օնանիզմով։

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` քանի դեռ Հայաստանի ԿԸՀ-ն կշարունակի սպասարկել այս ծաղրուծանակ երկխոսությանը, քանի դեռ ՀԱԿ-ն ու նրա խելքին ընկած իշխաությունը կշարունակեն իրենց երկխոսությամբ ոչնչացնել քաղաքական դաշտը, ուժի մեջ կմնա այն պնդումը, որ ի վերջո Հայաստանը կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, ԱՄՆ-ից հետո, որտեղ իր թեկնածությունը կդնի մի աֆրոամերիկացի և կհաղթի բոլորին։ Այս համատարած ինքնաոչնչացման պայմաններում օտար ցեղի լեզվով ասված նորմալ մի խոսքն իսկ ընդունակ կլինի իր հետևից տանել ողջ ընտրազանգվածը։

Ես բուն ընտրազանգվածը նկատի ունեմ, որ երբեք չի գնվում փողով և չի առաջնորդվում սուրուի հոգեբանությամբ։

Էդիկ Անդրեասյան