Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1991 թ. ապրիլի 29-ին՝ Գետաշեն–Մարտունաշենի հայ խաղաղ բնակչության դեմ ուղղված «Օղակ» դավադիր գործողությունից մեկ օր առաջ, պատմաբան, ազգագրագետ, դաշնակցական ազատամարտիկ, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին ասացին, որ լքի հայկական այդ հողերը։ Ի պատասխան՝ մեծ հայորդին ասաց իր հայտնի խոսքերը.
«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի»։
Այսօր՝ ապրիլի 21-ին, Գետաշենի արծիվը՝ Թաթուլ Կրպեյանը, կդառնար 56 տարեկան։ Իր կարճատև՝ 26-ամյա կյանքի ընթացքում Թաթուլը, որը, Երևանից տեղափոխվելով Գետաշեն, օրվա կեսը երեխաներին պատմություն էր դասավանդում, իսկ մյուս կեսը հսկում Գետաշենի սահմանները, իր ուրույն հետքը թողեց հայոց ռազմարվեստի պատմության մեջ։
«Տղաները հիշում են՝ մարտական հերթապահությունից հետո, որպեսզի վառոդից կամ հողի հետ շփումից եղունգների տակ մնացած մնացորդները մաքրի, որ աշակերտները վտանգ չզգան, ավազի մեջ եղունգները քսում էր, հետո աղբյուրի ջրի տակ մինչև գոտկատեղը լվացվում և առավոտյան մաքուր, կոկիկ գնում դասի, և երեխաներից որևէ մեկը չէր կասկածում, որ իրենց ուսուցիչը գիշերը չի քնել, և իրենց գյուղը վտանգի մեջ է»,- պատմել է Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը (ավելի մանրամասն՝ հղումով)։
Թաթուլն իր աշակերտներին ասում էր, որ դեպի Մասիս լեռը տանող ճանապարհը սկսվում է Գետաշենից։
«Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես՝ Սասնո ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ, ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր»,– պատմում է Թաթուլի կուսակցական ընկեր, Արցախյան առաջին պատերազմում ՀՅԴ Շուշիի առանձնակ գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Հովսեփյանը։
Թաթուլի ու նրա զինակից ընկերների անձնազոհության ու քաջության շնորհիվ միայն հաջողվեց կոտորածից փրկել շրջանի հայկական բնակչությանը։ Գետաշենի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար Թաթուլ Կրպեյանն իր զինակիցներ Զարզանդի (Հրաչ Դանիելյան), Սիմոն Աչիքյոզյանի, Վալերի Նազարյանի և Արթուր Կարապետյանի հետ դավադրաբար զոհվեց ՕՄՈՆ–ի ձեռնարկած «Օղակ» գործողության օրը՝ բանակցությունների ժամանակ։
Վերջին անգամ լինելով Երևանում՝ Թաթուլն ասել էր. «Գիտեմ, որ այլևս Երևան չեմ գա, ինձ կբերեն»։ Ցավոք, Թաթուլը հայրենի գյուղ վերադարձավ ոչ թե վահանով, այլ վահանի վրա։ Նրան թաղեցին հայրենի Արեգ գյուղում։
Դժբախտաբար, ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ էլ հայոց պետությունը չկարողացան պահպանել Թաթուլի և այլոց թողած ժառանգությունը։ 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու ձեռքն անցավ Կովսականի մի մասը, իսկ մյուս մասը դավադրաբար հանձնվեց թշնամուն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ։ Թշնամին, մուտք գործելով Կովսական քաղաքը, պղծեց Թաթուլ Կրպեյանի անունը կրող դպրոցը, իսկ դպրոցի դիմաց կանգնեցված՝ Թաթուլի կիսանդրին ջարդուփշուր արեց։
Բայց ինչպես Թաթուլ Կրպեյանն էր հավատում Հայաստանի և Արցախի ապագային, մենք նույնպես չպետք է կորցնենք հավատը, և Թաթուլի թողած պատգամներն ու հերոսական անցյալը դարձյալ կծառայեն հայրենյաց հողին։
Արգամ Եղիազարյան