կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-08 15:01
Քաղաքական

Եթե ասեմ, գուցե ձեր ականջը կշոյվի, բայց դա ազնիվ չի լինի. Կարեն Կարապետյան

Եթե ասեմ, գուցե ձեր ականջը կշոյվի, բայց դա ազնիվ չի լինի. Կարեն Կարապետյան

Այսօր Արմավիրի մարզում քարոզարշավ է իրականացնում ՀՀԿ-ն: Հանդիպումը բնակչության հետ անցնում է փակ դահլիճային ձևաչափով, բնակիչների հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Բնակիչներից մեկը հարց ուղղեց նրան` արդա՞ր է, որ 40 տարվա ստաժ ունեցող տղամարդը ստանում է 40 հազար դրամ, խուսափում է հոսանք կամ գազ օգտագործելուց, քանի որ չի կարողանում վճարել կոմունալ վարձերը և ապրել այդ թոշակով:

Կարեն Կարապետյանը նշեց, որ թոշակների բարձրացում կլինի միայն այն բանից հետո, երբ աշխատունակ բնակչությունն ինտենսիվ աշխատի, երբ աշխատատեղեր բացվեն, տնտեսությունը զարգանա, հավելյալ արժեք ստեղծվի, և արդյունքում` փողը բավականացնի թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու համար:

«Մենք ունենք սահմանափակ կարողություններ, ուստի ամեն ամիս, ամեն օր ինտենսիվ աշխատանքով, ներդրումներով, խաղի կանոնները պարզեցնելով, վարչական միջամտությունը նվազեցնելով, արհեստական մոնոպոլիաները վերացնելով, բիզնեսմեններին ու գործարարներին չխանգարելով, փորձում ենք դրանք ընդլայնել: Հիմա եթե ձեզ ասեմ` վաղը լավ ենք ապրելու` առանց տնտեսության փոփոխության, գուցե ձեր ականջը կշոյվի, բայց դա ճիշտ և ազնիվ պատասխան չի լինի»,- ասաց Կարեն Կարապետյանը: