կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 14:32
Քաղաքական

Չնեղանաք, բայց պետք է ասեմ. Նիկոլ Փաշինյան

Չնեղանաք, բայց պետք է ասեմ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարում, որ «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» և «Զբաղվածության մասին» օրենքների նախագծերը քննարկվում են իրար հետևից:

 

Հայաստանում գործազրկության նպաստը 18 հազար դրամ է, իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, ըստ Փաշինյանի, գործազրկության հարցի քննարկման ժամանակ հայտարարություն արեց, թե անբարոյականություն է գործազուրկին 15 հազար դրամ նպաստ տալ: Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, բարոյական այդ թնջուկը ԱԺ-ն լուծեց հետևյալ կերպ` կառավարության առաջարկությամբ վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը:

 

«Եվ ահա դրանից ժամեր անց ԱԺ-ն քննարկում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը 230 տոկոսով բարձրացնելու, այսինքն` 436 հազար դրամից 1 միլիոն 322 հազար դրամ դարձնելու, Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազարից 1 միլիոն 190 հազար դրամ դարձնելու հարցը: Դրանք այն մարդիկ են, որոնց` այսօր պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը աճել է մինչև 38 տոկոս, արտագաղթը ավելացել է: Կարելի է կարծել, որ այդ պաշտոնյաները խեղճ են եղել փողից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով, պաշտոնական վիճակագրությամբ, պարենային զամբյուղը Հայաստանում 32 հազար 99 դրամ է, այսինքն` երեսուն տարի աշխատած մարդու թոշակը չի բավարարելու ամենահամեստ պարենային պահանջները հոգալուն: Հայաստանում աղքատ է 1 միլիոն 146 հազար մարդ, և նրանցից յուրաքանչյուրը ամեն օր մի բարի լուրի է սպասում, որ դուրս գա հուսահատության ճիրաններից, և ահա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր այդ մարդիկ կստանան բարի լուրը, որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր աշխատավարձը:

 

«Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ` աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին»,- ասաց նա:

 

Անդրադառնալով այն պատգամավորների հայտարարություններին, ովքեր դժգոհում են, որ պատգամավորի աշխատավարձը հավասարվում է փոխնախարարի աշխատավարձին, Փաշինյանը նշեց. «Չնեղանաք, բայց պետք է ասեմ` դեռ գոհ եղեք, որ պատգամավորին չեն նույնացնում կառավարության տոմսերը դակողի հետ»:

 

Մեջբերելով ՀՀ ֆինանասների նախարարի հիմնավորումը, թե պատգամավորի աշխատավարձի բարձրացումը կարող է իրապես անկախություն տալ նրան, Նիկոլ Փաշինյանը հիշեց Օստապ Բենդերի խոսքերը` ուղղված Շուրային` «Շուրա, իսկ որքան է Ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար»: Փաստորեն, պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում 329 800 դրամ:

 

«Չեմ կարող քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերի բարձրացման օգտին, քանի որ նրանք ոչ միայն արժանի չեն այդ աշխատավարձերի բարձրացմանը, այլեւ պետք է անհապաղ հրաժարական տան»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: