կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-02 12:37
Հասարակություն

Սոված ուղեւորները քնել են ասֆալտին /լուսանկարներ

Սոված ուղեւորները քնել են ասֆալտին /լուսանկարներ

Այսօր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Երեւան-Բաթումի-Երեւան գնացքի շաբաթ օրվա ուղեւորները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել, իսկ հետո նաեւ դատի տալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը` Վրաստանում երկաթուղու վթարի պատճառով հետաձգված ուղերթի պատճառով: Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանում շաբաթ օրը երկաթուղու վթարը հանգեցրել է Երեւան-Բաթումի-Երեւանգնացքիերթեւեկության ժամանակացույցի «աննշան խափանման»: Սակայն այդ օրվա ուղեւորները պնդում էին, որ այդ «աննշան խափանումը» տեւել է շատ ավելի երկար, իսկ նրանք մնացել են անմարդկային պայմաններում` քնել են ասֆալտին եւ մնացել առանց սննդի:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը «Երկիր»-ի հետ զրույցում ընդունեց, որ ուղերթի ընթացքում «տեխնիկական խնդիրներ» եղել են: Մասնավորապես անդրադառնալով բողոքներին, թե չի գործել օդափոխման համակարգը եւ սանհանգույցները, նշեց, որ «չաշխատող գնացքում այդ համակարգերը գործել չեն կարող»:

Այնուհանդերձ Վահե Դավթյանը չափազանցված համարեց այսօրվա հրապարակումները: «Շատ վերացական են նաեւ դատի վերաբերյալ հայտարարությունները, քանի որ կան համապատասխան փաստեր, որ հակառակի մասին են վկայում: Մասնավորապես որ մեր աշխատակազմը ամբողջությամբ ապահովել է ուղեւորների սնունդը, ապահովությունը եւ այլն եւ կիրակի օրը, երբ գնացքը հասավ Երեւան, կտեսնեք, թե ինչքան շնորհակալանքի խոսքեր էին ասում մեր ուղեւորները հենց գնացքի աշխատակազմին»,- ասաց նա: Ընկերության մամուլի պատասխանատուն նաեւ հայտարարեց, թե իրենք պատրաստ են տրամադրել 300 ուղեւորների անունները` համոզվելու համար, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չի եղել:Այնինչ գնացքի ուղեւորներին Լիանա Դոյդոյանը նշում է, որ իր նախաձեռնած ստորագրահավաքին հենց կայարանում 200 հոգի է միացել, իսկ մյուսները կամ քնած են եղել կամ էլ շատ հոգնած: Ավելին` դեռեւս Վրաստանի տարածքում գտնվող ուղեւորները կապ են հաստատել նաեւ հենց Վահե Դավթյանի հետ, ով սակայն, ոչնչով օգնել չի կարողացել, քանի որ «վերադասները քնած են եղել»:

«Թբիլիսիում Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչը խոստացավ, որ Այրում հասնելուն պես կտրամադրվի սնունդ, ջուր եւ այլ անհրաժեշտ միջոցներ, սակայն նա շատ լավ գիտեր, որ Այրումում հնարավոր չի նման բան, քանի որ այնտեղ մաքսատունն է: Այնտեղ գնացքը ընդհանրապես չկանգնեց, միայն մաքսատան աշխատողները բարձրացան գնացք: Երբ մենք հենց Թբիլիսում պահանջեցինք սնունդ, իրենք խոստացան տալ Այրումում` շատ լավ իմանալով, որ այնտեղ ոչ մի բան չեն տալու»,-«Երկիր»-ի հետ զրույցում պատմեց Լիանա Դոյդոյանը` հավելելով, որ նախատեսված սնունդը եղել է 16 ժամվա համար, մինչդեռ իրենք ճանապարհին են եղել  մոտ 32 ժամ:  Նա նշեց, որ ճանապարհին ոչ մի բուժօգնություն չի տրամադրվել. ո'չ երեխաներին, ո'չ ծերերին, մարդիկ ասֆալտին են գիշերել` 9 ժամ Գորիում, 4-5 ժամ` Մցխեթայում:Իսկ Երեւանում արդեն դիմավորող պաշտոնյաները միայն ներողություն են խնդրել, ասելով, որ իրենք ոչնչով չէին կարող օգնել ուղեւորներին: