Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես գնամ` ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սերժ Սարգսյանի համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է ութ օր սոված մնալ, դա նրա համար խելահեղության ամենամեծ օրինակն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ութ օր չուտել. մարդ, ով իր հասարակական եւ քաղաքական գործունեության զգալի մասը ծախսել է ուտելու վրա, հիմա, բնականաբար, պետք է զարմացած լինի, որ որեւէ մեկը ութ օր որեւէ բան չի ուտում»:
Նա նաեւ նշեց, որ հասկանում է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնացած է: Ըստ Փաշինյանի` Սերժ Սարգսյանն իր վրա է վերցրել այդ ամենը, եւ եթե ինքն էլ ութ օր սոված մնար, այնքան դառնացած եւ չարացած կլիներ աշխարհի վրա, որ աշխարհը կործանելու օպերացիա կնախապատրաստեր:
Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նախագահի մյուս հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, հեռացավ` ասելով. «Նախագահն ո՞վ է: Սերժ Սարգսյանն ինձ համար նախագահ չէ»: