Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
Hraparak.am-ը գրում է.
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր՝ «ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրներին», նշել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: «Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան»,-գրել է թերթը։
Հիշեցնենք, որ ՀՀ սուվերեն տարածքում շրջափակման մեջ անցած ադրբեջանցիների մասով ՀՀ ԶՈւ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին, դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ նշել էր. «Այդ մխրճումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ` շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»:
Hraparak.am-ն այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, արդյոք ադրբեջանցիներն անարգել հեռացե՞լ են մեր տարածքից։ Ի պատասխան մեր հարցմանը` ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց․ «Ես դրան կարող եմ միայն հետևյալ կերպ արձագանքել, որ երբեմն այդ հավաստի աղբյուրներն այդքան էլ հավաստի չեն»։
Փորձեցինք ճշտել` դա նշանակում է, որ ադրբեջանցի զինվորները մինչ օրս սոված-ծարավ գտնվում են մեր սուվերեն տարածքում շրջափակման մե՞ջ։
«Իրենք գրել են՝ մեր հավաստի աղբյուրներով, ու երկար տեքստ՝ վերլուծելով այդ իրադրությունը, ես էլ ասում եմ, որ այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն»,-կրկնեց ՊՆ խոսնակը։
Նկատեցինք, որ մենք չենք զանգել, որ քննարկենք մեր գործընկեր լրատվամիջոցի աղբյուրների հավաստիությունը, այլ ուզում ենք հստակ իմանալ՝ ադրբեջանցիները շարունակո՞ւմ են մնալ շրջափակման մեջ, թե՞ ոչ։ Խոսնակը նորից նույնն ասաց․ «Ես ակնարկում եմ, որ այդ խիստ հավաստի աղբյուրները երբեմն այդքան էլ հավաստի չեն»։
-Իսկ Ձեր ակնարկից կարո՞ղ ենք հասկանալ, որ ադրբեջանցիները շարունակում են սոված-ծարավ մնալ մեր սուվերեն տարածքում։
-Դե, հիմա, Դուք էդ ակնարկը տվեք, ոնց կհասկանան՝ արդեն իրենց խնդիրն է։
-Ես հասկացա Ձեր ակնարկից, որ ադրբեջանցիները մինչ օրս շրջափակման մեջ են ու սոված-ծարավ՝ սպասում են մի կտոր հացի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ պաշտպանության նախարարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է` նրանց ճակատագրի հետ կապված։
-Թե ինչ քայլեր են ձեռնարկվում ընդհանուր առաջնագծում՝ դրանք հրապարակման ենթակա չեն։
-Ադրբեջանցիների կողմից մեր զինվորների գնդակահարության կադրերը հրապարակման ենթակա են, մեր գործողությունները՝ իրենց մասով, հրապարակման ենթակա չե՞ն։
-Դուք ասում եք՝ ինչ գործողություններ են արվում, ինչ քայլեր են ձեռնարկվում, ես ասում եմ՝ դրանք հրապարակման ենթակա չեն։
-Ամեն դեպքում, այդ մարդիկ շարունակո՞ւմ են մնալ շրջափակման մեջ։ Խնդրում եմ՝ ուղիղ ասել։
-Ես ասացի՝ այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն»։